Դավիթ ՊԻՊՈՅԱՆ. ԱՂԱՄԱՆԻ ԱՐԳԵԼՔԻՆ ՀԱՋՈՐԴԱԾ ԾԱՂՐ ՈՒ ԾԱՆԱԿԻ ՄԵՂԱՎՈՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Հանրային սննդի կետերում սեղաններին աղամանների առկայության արգելքի վերաբերյալ ԱՆ օրենսդրական նախաձեռնությունը սոցցանցի օգտատերերի շրջանում ծաղր ու ծանակի է արժանացել։

ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում այս իրավիճակի համար մեղավոր է համարում նման օրենսդրական լրացումներ նախաձեռնած պետական գերատեսչությանը։

Նա համարում է, որ օրինագիծն ինքնանպատակ է, չի հասնելու ակնկալվող արդյունքին, մինչդեռ աղի քանակի չարաշահման ու դրանով պայմանավորված հանրային առողջապահական խնդիր իսկապես կա, և այն լուծման կարիք ունի։ Ըստ սննդագետի, նախարարությունը մինչ այս պետք է իրականացներ ռիսկի գնահատում, հանրային իրազեկում ու այլ աշխատանքներ։

«Ամբողջ աշխարհում սննդի անվտանգության ու սննդով պայմանավորված քաղաքականության մշակման համար հիմք են հանդիսանում գիտահեն տվյալները, երբ գիտական կենտրոններն ուսումնասիրում են, թե այս կամ այն խնդիրն իրենից առողջապահական ինչպիսի վտանգ է ներկայացնում, ապա այդ տվյալների հիման վրա մշակում են գործողությունների ծրագիր»,-ընդունված պրակտիկան ներկայացնում է կենտրոնի ղեկավարը։

Նա փաստում է, որ Հայաստանում էլ նման օրենք կա, բայց խիստ ձևական։ Օրենքը նշում է, որ սննդի անվտանգության քաղաքականությունը պետք է իրականացվի գնահատված ռիսկերի հիման վրա, ռիսկի գնահատումը պետք է իրականացնի գիտական կենտրոնը, բայց ոչինչ էլ չի կատարվում։

Միջազգային ուղեցույցների համաձայն, կերակրի աղի համար որպես օրական թույլատրելի քանակ նշված է 5 գրամը, մինչդեռ ԱՆ որոշում կա երեխաների սննդակարգի վերաբերյալ, որտեղ երեխաների համար թույլատրելի քանակ նշված է 6 գրամը։

«Եթե երկիրը չունի իր սեփական սննդագիտական հետազոտությունները, սննդակարգային ռեֆերենս արժեքները, ապա առնվազն ստիպված ես լինում ընդունել այլ երկրների կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից երաշխավորվող քանակների կիրառությունը։ Հիմա Հայաստանի ԱՆ-ն մանկապարտեզի համար սահմանել է վեց գրամը, իսկ միջազգային կազմակերպություններն ասում են հինգ գրամ։ Հիմա որտեղի՞ց է պետք սկսել, գուցե իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ անելո՞ւց։ Պետք է հաշվի առնել, որ երեխաների գերակշռող մասը հաճախում է մանկապարտեզ, այնտեղ սնվում է երեք անգամ, մինչդեռ մենք ամեն օր հանրային սննդի կետեր, սրճարաններ, ռեստորաններ չենք գնում»,-մանրամասնում է Պիպոյանը։

Հանրային առողջապահական գործոնների գնահատման համատեքստում, սննդագիտության դոկտորը (Իտալիա) կարևորում է տարբեր սննդամթերքներում՝ օրինակ, հացի մեջ աղի քանակության նորմավորումը։

«Ինչո՞ւ հացի, քանի որ մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն ամեն օր մեծ քանակությամբ հաց է օգտագործում, որը պարունակում է աղ։ Մեր պանիրներն աչքի են ընկնում կերակրի աղի բարձր պարունակությամբ, օգտագործում ենք թթուներ, որոնք մեջ մեծ է աղի քանակությունը»,-նշում է նա։

Այս համատեքստում կենտրոնի ղեկվարն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ազգաբնակչության մոտ յոդի դիֆիցիտը լրացնելու նպատակով տեղի է ունեցել աղի յոդացում։

«Եթե ԱՆ-ին հարցնեք, թե ինչո՞ւ են մանկապարտեզների համար սահմանել 6 գրամ աղի ընդունում, ապա կհիմնավորեն՝ յոդի պակասը լրացնելու նպատակով։ Հիմա մի կողմից ասում են՝ աղ օգտագործեք, որ յոդի դիֆիցիտը լրացնեք, մյուս կողմից էլ ասում են՝ աղ քիչ օգտագործեք։ Հիմա փաստացի նախարարությունը հանրային իրազեկում չի իրականցրել, չի ասում, որ նորմայից քանի՞ անգամ ավելի աղ ենք օգտագործում, որո՞նք են այն մթերքները, որոնց միջոցով աղի մեծ քանակ ենք ստանում։ Այս աշխատանքները չկատարելով գնում են «բարեփոխման»»,-ասում է սննդագետը։

Հանրային սննդի կետերում սեղանին աղամանի առկայության համար տուգանքի սահմանումը, ինչպես համոզված է Պիպոյանը, չի կարող լուծել առողջապահական խնդիրը։ Օրինակ, մարդիկ ընդմիջման ժամերին ոչ թե գնում են հանրային սննդի կետեր, այլ օգտվում են պատվիրում կան գնում են պատրաստի սնունդ։

«Եթե մեր նպատակը հանրային առողջապահությունն է, ապա պետք է գնահատվեն այս գործոնները, այլապես հանրային իրազեկում էլ հնարավոր չէ։ Ազգաբնակչության շատ փոքր տոկոսն է ամեն օր գնում հանրային սննդի կետեր, դրան հակառակ մենք ամեն օր օգտագործում ենք հաց, որը պարունակում է մեծ քանակությամբ աղ»,-ընդգծում է Պիպոյանն ու նկատում, հանրային առողջապահական խնդիր լուծել ցանկացողը, օրինակ, մանկապարտեզներում պատշաճ վերահսկողություն կիրակականացնի ճաշացանկի նկատմամբ, քանի որ փոքր հասակում աղին սովորելուց հետո շատ դժվար է լինում հրաժարվել այդ համից, սովորույթից, հետո օրինակ կկրճատի հացի արտադրության մեջ օգտագործվող աղի քանակը։

Սննդագետը հարց է հնչեցնում՝ մարդիկ ինչպե՞ս պետք է իմանան, թե քանի գրամ աղ են օրական օգտագործում, ո՞ր մթերքներն են առավել շատ աղ պարունակում։

«Քաղաքականություն մշակող մարմինը չպետք է իրականացնի այս ռիսկի գնահատումը, նա պետք է պատվիրի դա անել գիտական մարմնին, վերջինը պետք է չափի տանը և դրսում սպառվող սննդամթերքում աղի պարունակությունը, որից հետո պետք է իրականացնի այդ մթերքների սպառման ծավալի ու հաճախականության վերաբերյալ ուսումնասիրություն։ Դրանից հետո պետք է կատարվի քանակական հաշվարկ, սահմանվի թույլատրելի շեմը, և հստակ նշվի այս, այս, այս մթերքներն ուտելով դու գերազանցում ես այդ շեմը»,-մանրամասնում է նա։

Գիտական կենտրոնը նման ուսումնասիրություն է սկսել իրականացնել, հաջորդ ամիս արդեն տվյալներ կունենան։

«Նախնական պատկեր կա, բայց չեմ պատրաստվում հաղորդակցել։ Ի վերջո, մեզ ո՞վ է հարցրել այդ մասին։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գիտնականների կարծիքը հաշվի չեն առնում։ Ողջ ֆեյսբուքը որ հիմա ծաղրի է ենթարկում օրինագիծը, գիտնականի հետ չհամագործակցելու հետևանք է։ Կան «ծակ» փիլիսոփաներ, որ գրում են սա շատ կարևոր հանրային առողջապահական խնդրի լուծում է, քննադատում են օրինագծի լրացումների վրա ծիծաղող մարդկանց։ Ես բոլոր այդ մարդկանց ասում եմ՝ որևէ մեկը չի ծիծաղում աղի կիրառման դեմ պայքարի վրա, այլ մարդիկ ծիծաղում են դրա դեմ պայքարի ձևի վրա»,-նկատում է նա։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել  «Առևտրի և ծառայությունների մասին» օրնքում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ սահմանելով, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Panorama.am