ԱԼԻԵՎԻ ՏԵՌՈՐՆ ՈՒ ՆԻԿՈԼԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ». «ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
2022թ. մարտի 6-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են «Շուշիի հռչակագրի» կատարումը, իսկ Չավուշօղլուն հայտարարել է, որ դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը: «Եղբայրական երկու երկրների սերտ փոխգործակցությունն ու համագործակցությունը համապատասխանում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, այլև նպաստում կայունությանն ու բարգավաճմանը ողջ տարածաշրջանում»,- ասել է նա:
Դատելով նրանից, թե վերջին շաբաթներին ինչ լուրեր են ստացվում Արցախից, Բաքուն իսկապես ջանք չի խնայում Անկարայի հետ համատեղ ծրագրերն իրականացնելու համար, և այն ճգնաժամը, որում հայտնվել է աշխարհը Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, լոկ խթանում է ագրեսորներին: Ավելին, օգտվելով այն հանգամանքից, որ Մոսկվայի ողջ ուշադրությունն այժմ կենտրոնացած է ուկրաինական ուղղությամբ, Ալիևը բացահայտորեն ամենաիսկական տեռորի է անցել Արցախի և նրա բնակիչների դեմ։ Միայն վերջին 3 շաբաթվա ընթացքում բազմիցս ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, իսկ մարտի 5-ին՝ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի ուղղությամբ իրականացված ագրեսիայի մասին։
Ժամանակագրությունը հետևյալն է։ Փետրվարի 15-ին ադրբեջանցիները կրակ են բացել Խրամորթի բնակչի վրա՝ դաշտում աշխատելիս։ Տրակտորիստը չի տուժել, սակայն վնասվել է տրակտորը։ Փետրվարի 16-ին ադրբեջանցի զինվորականները, սպառնալով զենքով, խաղողի այգիներից վտարել են գյուղի բնակիչներին: Փետրվարի 25-ին գործի են դրվել նաև հոգեբանական տեռորի մեթոդները. բարձրախոսներով կոչեր հնչեցվել լքելու գյուղը, «եթե խրամորթցիների համար թանկ է իրենց երեխաների կյանքը»:
Փետրվարի 26-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների բանակցությունները հանգեցրել են ագրեսիվ գործողությունների դադարեցման: Խաղաղապահները վստահեցրել են, որ առաջիկա 2-3 օրերին հարցը կլուծվի։ Ինչպես հատուկ ընդգծել է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ադրբեջանցիները ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիքի ներքո «կոչեր» են հնչեցնում լքել գյուղը։ «Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ՈՒԺ ԿԿԻՐԱՌՎԻ, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա»,- այսպիսի տեքստեր են հնչել Խրամորթի ուղղությամբ ավելի քան 2 օր շարունակ, հաղորդել Է Ստեփանյանը:
Նրա գնահատմամբ, այդ գործողություններն իրականացվում են հատուկ ծրագրով և ադրբեջանական ղեկավարության անմիջական համակարգմամբ: Հույժ անհրաժեշտ է անվտանգության լրացուցիչ միջոցների ձեռնարկումը ինչպես Արցախի անվտանգության մարմինների, այնպես էլ ՌԴ խաղաղապահների կողմից, որոնց մշտական ներկայությունը համայնքում կարող է նպաստել խաղաղ բնակչության բնականոն կյանքի վերականգնմանը, նշել է օմբուդսմենը:
Մարտի 5-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է News.am-ին, որ նախօրեին ադրբեջանցիները գնդակոծել են մեկ այլ գյուղ՝ Նոր Շենը, որից հետո բարձրախոսով կոչ են արել բնակիչներին լքել շրջանը, սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել: Խաղաղապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը, սակայն գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են։ Ռուսաստանցիները խոստացել են գյուղացիների կողքին լինել դաշտում, որպեսզի նրանք կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, ասել է պատգամավորը։
Մարտի 6-ին Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանցիները շարունակում են լարված իրավիճակ պահպանել Խրամորթ համայնքում. հայկական դիրքերի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ են արձակվել: Իրավիճակը կայունացել է խաղաղապահների միջամտությունից հետո։
Հասկանալի է, որ Բաքուն շարունակելու է իր գործողությունները ահաբեկչական ողջ զինանոցի կիրառմամբ. գնդակոծություններից մինչև հոգեբանական գրոհներ, և Խրամորթն ու Նոր Շենը լոկ սկիզբն են։ Բաքուն Անկարայի հետ իրականացնում է «Շուշիի հռչակագիրը», որի նպատակներից մեկն էլ հայաթափ Արցախն է, ուստի էթնիկ զտումներն իրականացվելու են հնարավոր բոլոր միջոցներով։ Դա արվում է ռուս խաղաղապահների ներկայությամբ, սակայն պարզ է, որ վերջիններս միայն ժամանակավորապես են «մարելու կրակը» յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում. ոչ ավելին։ Միայն ավելի բարձր քաղաքական մակարդակի վճռական միջոցառումները կարող են ստիպել Ալիևին դադարեցնել տեռորն Արցախի բնակիչների դեմ։
Այս ողջ ընթացքում՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 6-ը, Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչել ոչ մի պաշտոնական հայտարարություն։ Խնդիրը բարձրաձայնել և իրավիճակին իրավաքաղաքական գնահատական է տվել միայն Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, հաղորդագրություններով հանդես են եկել Արցախի իրավապահ մարմինները։ Լռում են ՀՀ խորհրդարանն ու կառավարությունը, ծպտուն անգամ չի հանում հայկական ԱԳՆ-ը, որը պարտավոր է խնդրի մասին իրազեկել միջազգային ատյաններին։ ՀՀ նոր օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը հենց այդ օրերին եղել է Արցախում և նույնիսկ այցելել Խրամորթ, սակայն նրա կողմից որևէ գնահատական դեռևս չի հնչել։
Իր ֆեյսբուքյան էջում Գրիգորյանը տեղեկացնում է, որ հանդիպել է Արցախի գլխավոր դատախազի հետ, որը «մանրամասներ է ներկայացրել» ադրբեջանական կողմի գործողությունների մասին: Իսկ բուն գյուղում տիկինը հաջողացրել է նկատել «ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրեր. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում»։ Ահա և ամենը, ինչ հարկ համարեց ասել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը գյուղ կատարած այցից հետո, որտեղ փետրվարի կեսերից չի դադարում քաղաքացիական բնակչության նկատմամբ Բաքվի սանձազերծած ամենաիսկական տեռորը…
Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել ոչ միայն Արցախի բնակիչների իրավունքները և նույնիսկ ոչ միայն եռակողմ բոլոր հայտարարությունները։ Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը բացահայտ կիրառում է ցեղասպան մեթոդներ, որոնք հստակ սահմանված են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով: Այդ փաստաթղթի 2-րդ հոդվածի 3-րդ կետը ցեղասպան գործողությունների շարքում նշում է «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Բաքվի մեթոդների ավելի ճշգրիտ բնորոշում, համաձայնեք, անհնար է տալ։
ՀՀ իշխանությունները վաղուց անցել են ստի ու երեսպաշտության բոլոր կարմիր գծերը։ Փետրվարի 20-ին՝ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, Փաշինյանը հայտարարել է, թե իբր՝ «Մեր քայլերն այսօր ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը»: Եվ վստահեցրել է, իբր՝ «հերոսների սերունդների ու ընդհանուր հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց (հերոսների-Մ.Գ) հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը»։
Փաշինյանական ԱԳՆ-ը, իր հերթին, հայտարարել է, թե «Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»։
Մնում է միայն գուշակել, թե ինչպես այդ մարդիկ առ այսօր չեն խեղդվել սեփական ստի, երեսպաշտության, դավաճանության և հանցավորության նողկալի ճահճում, եթե Փաշինյանի «խաղաղ զարգացման դարաշրջանը» իր միջոցներով ու մեթոդներով այդչափ ապշեցուցիչ կերպով համընկնում է «տարածաշրջանի կայունության և բարգավաճման» համար Չավուշօղլուի և Ալիևի կիրառած մեթոդների հետ։