Մադուրոն ուկրաինական հակամարտության պատասխանատվությունը դրել է Արևմուտքի վրա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրան, հակառակ Արևմուտքի սպասումներին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դրել է հենց նրանց վրա։

«Նրանք, ովքեր հրահրել են այս հակամարտությունը, որոնք տասնամյակներ շարունակ չեն կատարել պայմանավորվածությունները, տասնյակ տարիներ սպառնացել են Ռուսաստանին, տասնյակ տարիներ նախապատրաստել են ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերը, առաջին պատասխանատուն են դեէսկալացիայի ու հակամարտող կողմերի՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների ու համաձայնությունների բարենպաստ սցենարներ գտնելու հարցում»,- ասել է Վենեսուելայի նախագահը հեռուստատեսային իր ելույթում։

Այս հայտարարությունը հատկապես հետաքրքիր է մարտի 6-ին ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության` Կարակաս կատարած այցի համատեքստում։

Մեկնաբանների դիտարկմամբ` այս այցով Բայդենի վարչակազմը փորձում էր խորացնել Ռուսաստանի մեկուսացումը նաև լատինաամերիկյան տարածաշրջանի երկրներում։

Ըստ մեկնաբանների` Միացյալ Նահանգները նաև մտադիր է ռուսական նավթի ներմուծման արգելքի դեպքում այն փոխարինել վենեսուելական նավթով։

Միացյալ Նահանգները Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2019 թվականին՝ այդ երկրից հետ կանչելով իր դիվանագետնրին ու նախագահ Մադուրոյին մեղադրելով ավտորիտար առաջնորդ լինելու ու ընտրակեղծիքների մեջ, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի օրինական նախագահ ճանաչելով։

Բացի այդ, Թրամփի վարչակազմը նաև էմբարգո հայտարարեց Վենեսուելայի նավթի արտահանման հանդեպ ու պատժամիջոցներ կիրառեց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Վենեսուելայի նախագահը պատժամիջոցներին արձագանքել էր` ՌԴ–ից, Իրանից ու Չինաստանից տնտեսական ու դիվանագիտական օգնություն խնդրելով։

Հիմա, փաստորեն, ԱՄՆ–ն փորձում է ՌԴ–ին զրկել լատինաամերիկյան դաշնակիցներից, ինչը, դատելով Վենեսուելայի նախագահի ելույթի բովանդակությունից, Բայդենին չի հաջողվել իրականացնել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։