Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հայաստանի՝ ռուս-ուկրաինական սրացման մասին պաշտոնական դիրքորոշում չհայտնելը ևս դիրքորոշում է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ընտրության առջև է կանգնած՝ որ կողմում հայտնվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Իսկ այդ սրացումը, մեծ հաշվով, Ուկրաինայի և Ռուսաստանի առճակատում չէ, այլ՝ Արևմուտքի և Ռուսաստանի առճակատում, հետևաբար, ՀՀ իշխանությունները չեն ուզում որևէ կերպ մտնել այդ պարտավորվածության տակ։
Բայց ոչ հեռու անցյալում, եթե հիշում ենք, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պաշտոնական կամ ոչ պաշտոնական խողովակներով մեղադրում էր Ռուսաստանին՝ դաշանակցային պարտավորությունները չիրականացնելու կամ հստակ դիրքորոշում չորդեգրելու հարցում։ Այսինքն՝ նրանում, ինչում դու մեղադրում ես ինչ-որ մեկին, կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ իրավիճակում ինքդ էլ նման վարք դրսևորես», - ասաց մեր զրուցակիցը։
Ալեն Ղևոնդյանը շեշտեց՝ Հայաստանը, մեծ հաշվով, արտաքին քաղաքական որևէ դերակատարություն չունի և գոյատևում է՝ կախված նրանից, թե որ կողմից է քամին փչում։
«Որովհետև այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը մեկ խնդիր է լուծում՝ կարողանալ արտաքին դերակատարների մոտ ձևավորել կոնսենսուս, որ գործող իշխանությունը չպետք է փոխվի և լավագույնն է այդ երկրների ազգային շահերը սպասարկելու տեսանկյունից: Ուրիշ օրակարգ, մեծ հաշվով, չկա», - ամփոփեց խոսքը քաղաքագետը։