«Հրապարակ». ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԵՐԸ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով և կարծում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։

Մեր տեղեկություններով, ՌԴ ուժային կառույցներն ակտիվ մոնիթորինգ են անում հայաստանյան ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե հատկապես իշխանության ներկայացուցիչներն ինչպես են արտահայտվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Նույնկերպ հսկվում է նաև իշխանական լրատվամիջոցների կոնտենտը։

Մոնիթորինգի արդյունքում ամենօրյա տեղեկանքներ են կազմվում և ուղարկվում ՀՀ իշխանություններին, դրվում Նիկոլ Փաշինյանի սեղանին, որպես ապացույց, որ դուք Հայաստանում հակառուսական պրոպագանդա եք հովանավորում, և ձեր իշխանության ներկայացուցիչները հակառուսական տեսակետներ են հայտնում։ Ամեն նման դեպքում առաջարկում են արագ միջոցներ ձեռնարկել և մեղավորներին պատժել։ Ռուսաստանն այլևս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել և միանշանակ հավատարմության ու դաշնակցության ապացույցներ է պահանջում»։

Aysor.am