Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԴԵՄ
Ադրբեջանական քարոզչամեքենան արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի դեմ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվում, թե ռուս խաղաղախահներն իրենց գործառույթն ամբողջությամբ չեն իրականացնում, և ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնում։
«Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գործառույթներում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից Ադրբեջանը կարող է օբյեկտիվ առումով դժգոհ լինել։ Այս ամենը պայմանավորված է ոչ թե ռուս խաղաղապահների ծառայության էֆեկտիվությամբ, այլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` քայլերը, որոնք անում է Ադրբեջանն այսօր, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունն Արցախում և Հարավային Կովկասում։ Սա, ըստ Աբրահամյանի, նշանակում է` որքան այս ճգնաժամը խորանա, այդքան հարձակումները ՌԴ–ի նկատմամբ, ավելանալու են։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորող գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։