ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԲԱՆԻՑ՝ ՌԵՎԱՆՇԻՑ

Մարտի 2-ին մոտ 80 ականավոր գիտնական-ակադեմիկոսներ, գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, մտավորականության այլ ներկայացուցիչներ հանդես եկան ի աջակցություն փետրվարի 18-ին ընդունված «Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրենքի: Հայտարարության հեղինակներն ու ստորագրողները դիմեցին ՀՀ իշխանություններին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ապահովել իրենց Հայրենիքում ազատ ապրելու արցախցիների իրավունքը, վերադարձնել հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակության վայրեր, ինչպես նաև վերսկսել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Թվում է՝ փաստաթղթում արտահայտված մտքերը համահունչ են ինչպես 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներով, այնպես էլ մարտական ակտիվ գործողությունների ավարտից հետո տեղի ունեցող իրադարձություններով խորապես մտահոգ ցանկացած ողջամիտ հայի վերաբերմունքին: Ինչպեսև պետք էր սպասել, Փաշինյանի թուրքամետ կառավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց կոչին, իր լռությամբ ցուցադրելով դրա թեզերի մերժում։ Սակայն գտնվեց նաև մեկը, ով դեմ արտահայտվեց հայտարարությանը հրապարակավ։ Ավելին. մեղադրանքների տարափ տեղաց դրա հեղինակների և ստորագրողների վրա։ Այդ մարդը Հայաստանի առաջին նախագահ և Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանն էր։

Սույն գործիչը հայտարարեց, որ եթե մտավորականները « ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»։ Առավել համոզչության համար այդ մարմնացյալ դևը վկայակոչեց Ավետիք Իսահակյանի հուշերում մեջբերված Լեոյի խոսքերը, որոնք, բնականաբար, մեկնաբանեց իր դիվական ձևով։ Պարզ ասած, Տեր-Պետրոսյանը հայ մտավորականությանը մեղադրում է նրանում, որ ժամանակին (պետք է ենթադրել՝ իր նախագահության օրոք) կոչ չեն արել թուրքերին հանձնել Արցախը։ Չէ՞ որ հենց դա էր այն «փոխզիջումը», որ առաջարկում էր ԼՏՊ-ն և՛ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, և՛ արդեն 90-ականների վերջին, երբ նրան հեռացրեցին իշխանությունից հենց աներևակայելի կորուստների ու զրկանքների գնով ազատագրված Արցախը Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության համար։

Երկու օր անց նախկին նախագահը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ պատասխանելով իր հրապարակմանը արձագանքած երկու ակադեմիկոսներին՝ Ռադիկ Մարտիրոսյանին և Աշոտ Մելքոնյանին։ Եվ այս անգամ էլ գիտնականներին մեղադրեց նրանում, թե իբր՝ 44-օրյա պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկը 2020 թվականի օգոստոսի 10-ին Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած «սադրիչ գիտաժողովն» էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին։

Տեր-Պետրոսյանը հայտարարեց նաև, թե անկախությունից ի վեր եղել են ընդամենը մի քանի գործիչներ, որոնք «քաջություն են ունեցել ճշմարտությունն ասել ժողովրդին»։ Դրանց թվում նա նշեց Վանո Սիրադեղյանին և Ժիրայր Լիպարիտյանին։ Առաջինը՝ բազմաթիվ դաժան սպանությունների մեջ մեղադրվող փախած հանցագործ, երկրորդը՝ հայտնի թուրքասեր ու հայատյաց, որը 90-ականների սկզբին Հայաստան էր գործուղվել ԼՏՊ-ի հովանավորների կողմից՝ նպատակ ունենալով անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դնել այն պարտվողական հակահայ ուղեգիծը, որն էլ փորձում էր իրականացնել Տեր-Պետրոսյանը։

Այդ կերպարի մասին, որն անգամ գերեզմանից էլ կվնասի Հայաստանին ու վրեժխնդիր կլինի Առաջին ազատամարտում տարած հաղթանակի համար, վաղուց ամեն ինչ ասված է և կրկնելն իմաստ չունի։ Հիշեցնենք միայն, որ 1992թ.մարտին նա «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը համաձայն է Ղարաբաղի ինքնավարությանը Ադրբեջանի կազմում։ Այդպիսին էր այն ճշմարտությունը, որ «քաջություն ունեին» արտահայտելու ԼՏՊ-ի այդչափ սիրելի «մտավորականները»։ Նույնը նա կրկնեց նաև 1997-ին, որից հետո հրաժարական տվեց, խորապես հիասթափված Արցախում հայ ժողովրդի պատմական հաղթանակից և ոխ պահելով այն բանի համար, որ իր «իմաստնությունը» չգնահատեցին։ Սպառնալով հարցի լուծման «ավելի վատթար պայմաններով» և հույս փայփայելով, որ վաղ թե ուշ իրեն կհաջողվի կատարել Հայաստանին Արցախի «բեռից» ազատվելու իր առաքելությունը։

Այն փաստը, որ Փաշինյանին իշխանության են բերել նույն այն ուժերը, որ ժամանակին բերել էին Տեր-Պետրոսյանին ու Լիպարիտյանին, և կարգել Հայաստանի ղեկավար՝ նպատակ ունենալով իրականացնել այն, ինչը չհաջողվեց 90-ականներին, վաղուց ակնհայտ է բոլորի համար։ Ինչպեսև այն, որ նույն հանցավոր առաքելության վերսկսման ու կատարման առաջին անհաջող փորձը ձեռնարկվեց 2008թ.փետրվար-մարտ ամիսներին։ Հենց այդ ժամանակ էլ հանրությանը լայնորեն ներկայացվեց ՀՀՇ-ական հրոսակախմբի քաղաքական ժառանգը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ միտինգներում այդ երկուսի դիվական կայթպարերը փաստացի դարձան 2020-ի աշնան աղետի նախերգանքը։

Փաշինյանի թիմում Տեր-Պետրոսյանի հավատարիմ կողմնակիցների լիառատությունը դրա հավելյալ ապացույցն է։ Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն Արցախի հարցին, այլև Ցեղասպանության գիտակցված մոռացության և Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություններ կարգավորելու քաղաքականությանը, որի ջատագովն ու նախահայրը նույնպես Լիպարիտյանն էր։ Հիշեցնեմ, որ օրերս իշխող ուժի կողմից ՀՀ նախագահ ընտրվեց ևս մեկ ՀՀՇ-ական՝ Վահագն Խաչատրյանը, որը 2011թվականին ներկայացնելով լևոնական ՀԱԿ-ը Ադանայի խորհրդաժողովում, հայտարարեց ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն խնդրելու պատրաստակամության մասին։

Թվում է՝ ԼՏՊ-ի բոլոր երազանքներն իրականացել են, և նա կարող է հանգիստ քաղել իր հաջողության պտուղները՝ ըմբոշխներով իրեն մերժած հայ ժողովրդից լուծած վրեժը։ Բայց հողատու Նիկոլի դափնիները ակնհայտորեն հանգիստ չեն տալիս զառամյալ նախկին նախագահին, և նա օգտվում է ամեն հարմար առիթից՝ կուրծք ծեծելու և հիշեցնելու համար, թե ով է եղել հակահայկական քաղաքականության առաջամարտիկը։ Դրա հետ մեկտեղ՝ կա ևս մեկ պատճառ, թե ինչու է Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ դուրս է ցցվում իր որջից և փորձում խլացնել ցանկացած ձայն ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի, կասեցնել ցանկացած գործողություն, որը կարող է կասկածի տակ դնել իր «հաղթանակի» արդյունքներն ու թուրքամետ քաղաքականության շարունակումը։

Դա նույն այն պատճառն է, որը հանգիստ չի տալիս Փաշինյանին ու Ալիևին. երեքն էլ խուճապի հասնող մտավախություն ունեն, որ հայ ժողովուրդը վերջապես կհաղթահարի անտանելի ցավը, ուշքի կգա և ուժ կգտնի կրկին վերացնելու քաղցկեղային այն գարշահոտ ուռուցքը, որից հաջողվեց ազատվել 1998-ի փետրվարին, բայց որի մետաստազներն ի հայտ եկան 2018-ի գարնանը։ Բոլոր երեքին էլ հույժ անհրաժեշտ է ավարտին հասցնել Արցախի և Հայաստանի լիակատար թուրքացման, մեր Հայրենիքը արևելյան կեղտոտ քարավանատան կարգի տարածաշրջանային միջանցիկ բակի վերածելու, բացառապես Հայաստանի և Արցախի կենսական շահերի հաշվին տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» հաստատելու գործընթացը։ Դրա վկայությունն է նաև այն հիստերիան, որի մեջ ընկավ օրերս ԼՏՊ-ի աշակերտը, երբ նրան հերթական անգամ առճակատ ասացին ճշմարտությունը դավաճանության և հայկական հողերի հանձնման մասին։

Ճիշտ ժամանակն է հիշել նաև Տեր-Պետրոսյանի մեկ այլ արտահայտություն. Հայաստանում պետք է ապրի 900 000-ից ոչ ավելի մարդ։ Ինքն անձամբ հասցրեց երկրից վտարել մոտ մեկ միլիոնի, այդ թվում՝ տասնյակ հազարավոր մտավորականների։ Բայց դա բավարար չէր Սիրադեղյանի ու Լիպարիտյանի «ճշմարտության» վերջնական հաստատման համար։ Հիմա ԼՏՊ-ն հնարավորություն ունի իրականացնելու նաև իր այդ երազանքը. ստիպելու Հայաստանից հեռանալ բոլոր նրանց, ովքեր այդ «ճշմարտությանը» համամիտ չեն և պատրաստ են պայքարել իրենց Հայրենիքի համար։ Եվ երկրում թողնել միայն փաշինյանական զոմբիներին՝ թուրքի ծառայանուն, որը պատրաստ է ամեն ինչի՝ հանուն կուշտ փորի։

Ասենք, թվարկելով ընդամենը 5 «մտավորականների», որոնք համամիտ են եղել իր «ճշմարտությանը», Տեր-Պետրոսյանն ինքը ակամայից մատնեց Փաշինյանի ու թուրքերի հետ համատեղ իր ծրագրերի ուտոպիականությունը։ Ամենայն հավանականությամբ, նա ինքն էլ, ներողություն արտահայտությանս համար՝ հոգու խորքում, շատ լավ գիտի, որ նման դավաճանների քանակն այսօր էլ բնավ ավելին չի լինի, պլյուս-մինուս փաշինյանական ոհմակը։ Այդտեղից էլ նրա ջղակծկումներն ամեն անգամ, երբ բարձրաձայնվում է այն ճշմարտությունը, որ Արցախն ու Հայաստանը ընդմիշտ մնալու են հայկական, որքան էլ որ մոլեգնեն լևոնական «մտավորականները»։