Իգոր Կոնաշենկով. Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90 տոկոսը շարքից հանվել է
Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90 տոկոսը շարքից հանվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Առաջին և երկրորդ կարգի ուկրաինացի օդաչուներ գրեթե չեն մնացել»,- ասել է նա։
Նա հայտնել է, որ այժմ գրանցվում են Ուկրաինայի օդուժի մարտական ավիացիայի թռիչքների միայն եզակի փորձեր։ «Հատուկ գործողության սկզբում ուկրաինական զինված ուժերն ունեին մինչև 250 սարքին մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ցամաքում և օդում ոչնչացրել են 89 մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ»,- հայտնել է Կոնաշենկովը։
Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգն այժմ ի վիճակի չէ էական հակազդեցություն ապահովել ռուսական ավիացիային։ «Ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ 81 կետ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի ավիացիայի և հակաօդային պաշտպանության մարտական կառավարման կորստի։ Ներկայումս հակաօդային պաշտպանության համակարգը կրում է միայն օջախային բնույթ և ունակ չէ դիմադրություն ցույց տալ ռուսական ավիացիային»,- ասել է նա։
Ուկրաինան օդային իրավիճակի մասին տեղեկատվություն է ստանում E-3A ինքնաթիռներից, որոնք հերթապահում են Լեհաստանի օդային տարածքում։
Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 137 Ս-300, Բուկ Մ-1 և Ս-125 զենիթահրթիռային համալիրներ, տեղեկացնում է News.am-ը։