ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ
Ռուսաստանի Զինված ուժերը բացահայտել են Կիևի կողմից ռազմա-կենսաբանական ծրագրի հետքերի շտապ մաքրման փաստերը։ Այս մասին երեքշաբթի օր հայտարարել Է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«Ուկրաինայի տարածքում կենսաբանական լաբորատորիաների (ավելի քան 30 օբյեկտների) ցանց է ձևավորվել։ Այնտեղ տարվող աշխատանքների պատվիրատուն Պենտագոնն է։ Նախագծերի իրականացմանը մասնակցում է ռազմական գերատեսչության հետ փոխկապակցված ընկերություն, նախևառաջ Black and Veatch–ը»,- մեջբերված են Անտոնովի խոսքերը դեսպանատան ֆեյսբուքյան էջում, հաղորդում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքերով, տեղեկություններ կան առանձնակի վտանգավոր պաթոգենների՝ ժանտախտի, սիբիրախտի, տուլյարեմիայի, խոլերայի և այլ մահացու հիվանդությունների հարուցիչների ոչնչացման մասին: «Հետաքրքիր է, ինչպե՞ս Վաշինգտոնը կարձագանքի ՉԺՀ–ի այսօրվա մեղադրանքներին, որ Պենտագոնը 336 կենսաբանական լաբորատորիա է բացել 30 երկրներում։ Ինչո՞ւ են այդ վտանգավոր օբյեկտները ստեղծվել արտասահմանում։ Սպասում ենք ազնիվ և ուղիղ պատասխանի»,- նշել է Անտոնովը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. տրված հարցերի «ազնիվ պատասխանը» ստանալու հարցում շահագրգռված են բնավ ոչ միայն Չինաստանն ու Ռուսաստանը։ Թեմայի նկատմամբ հետաքրքրություն պետք է առաջանա առնվազն նշված 30 երկրներում, որտեղ գործում են այդպիսի լաբորատորիաներ։ Հայաստանը, ինչպես հայտնի է, նույնպես դրանց շարքում է։
Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների հարցը վաղուց է գտնվում հայ հասարակայնության տեսադաշտում։ Գործնականում դրանց հայտնվելու պահից ի վեր։ Եվ դա միանգամայն բնական է։ Մի կողմից՝ խոսքը փակ հաստատությունների մասին է, ինչն արդեն իսկ կասկածելի է։ Մյուս կողմից՝ կասկածելի է, թե այդ ինչո՞ւ է ամերիկյան հենց ռազմական գերատեսչությունը կենսաբանական հետազոտական աշխատանքներ ծավալել այլ պետությունների տարածքում։ Երրորդ՝ այդ լաբորատորիաների գործունեությունն ուղեկցվել է դրանց ստեղծման իրական՝ կենսաբանական զենքի մշակման մասին տեղեկատվական արտահոսքերով։ Չորրորդ՝ եղել են նաև այդ օբյեկտների գործունեության հետ կապված սկանդալներ։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարարը պնդում էր, որ Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայում գաղտնի փորձեր են անցկացվել մարդկանց վրա, մահացու ելքով։ Հինգերորդ՝ Հայաստանում տոտալ «թավիշի» տիրապետությունից հետո հայ-ռուսական համագործակցության լայն օրակարգի կետերից մեկը դարձավ ռուս մասնագետների մուտքի հնարավորության հարցը Հայաստանում գտնվող այդ լաբորատորիաներ։
Եթե բոլոր այս տարիների ընթացքում խնդիրը մնում էր կասկածների, ենթադրությունների և վարկածների շրջանակներում, ապա այսօր ռուսական կողմն Ուկրաինայի օրինակով արդեն սկսում է վկայակոչել փաստերը։ Եվ, իհարկե, ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել նաև Հայաստանին։ Բայց, չգիտես ինչու, բոլորովին չի անհանգստացնում։ Անհեթեթ կլիներ ակնկալել, թե Հայաստանի գործող իշխանությունները համարժեք կարձագանքեն ուկրաինական կենսաբանական լաբորատորիաների մասին ռուսական կողմի հաղորդագրություններին։ Չէ՞ որ եթե այդ հաստատություններում կասկածելի հետազոտություններ են կատարվում, ապա դա արվում է ՀՀ կառավարության գիտությամբ։ Այլ հարց է, որ այնքան էլ հասկանալի չէ, ավելի ճիշտ՝ բոլորովին հասկանալի չէ հայկական ընդդիմադիր ուժերի լռությունն այդ հարցում։
Ընդգծենք. ռուսական պետական մարմինները բացահայտ հայտարարում են փաստերի մասին, որոնք վկայում են, որ ուկրաինական լաբորատորիաներում կենսաբանական զենքի ստեղծման աշխատանքներ են տարվել։ Իրավիճակին արձագանքում է Չինաստանը։ Մինչդեռ Հայաստանում, որտեղ գործում են ուկրաինական լաբորատորիաների նմանօրինակները, մեռյալ լռություն է տիրում այդ թեմայի շուրջ։ Հայկական քաղաքական միջավայրում ավելի մեծ իրարանցում առաջացրեց Փաշինյանի լկտի պահվածքը խորհրդարանում և հատկապես նրա մատ թափ տալը, քան կենսաբանական սպառնալիքների մասին Մոսկվայից հնչող ահազանգերը։