«Ժողովուրդ». ՌԴ-Ի ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ «ԹԵՂՈՒՏ» ՀԱՆՔԱՎԱՅՐՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը:
«Մասնավորապես, ղեկավարությունը նման տեղեկութուն է հայտնել աշխատակիցներին: Պատճառն, ըստ էության, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն են: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունները, սակայն ընդգծեց, թե իրենց պաշտոնապես ասվել է, թե չաշխատելը կապված է պլանային վերանորոգման աշխատանքների հետ և տևելու է երկու շաբաթ միայն: Սակայն նկատենք՝ աշխատակիցների շրջանում այլ լուրեր են տարածված:
Ինչպես հայտնի է, դեռ 2019 թվականից սեփականատերերը փոխվել են, և Թեղուտի հանքավայրը ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է: Հիշեցնենք՝ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ էին մտնում Armenian Copper Programme (ACP) (Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ) ընկերությունը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը շահագործում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, Արցախի «Բեյզ Մեթլզ» ընկերությունը և այլն։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերը մինչև 2018 թվականը Վալերի Մեջլումյանն էր։
2018-ի իշխանափոխությունից հետո ACP-ն և «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց անցան «ՎՏԲ» բանկի կառավարմանը, քանի որ «Թեղուտը» խոշոր վարկ էր վերցրել «ՎՏԲ»-ից, որպեսզի համաֆինանսավորեր կոմբինատի կառուցումն ու հանքի շահագործման աշխատանքները, և ինչ-որ պահից վարկերի սպասարկումը դժվարացել էր՝ համաշխարհային շուկայում պղնձի գների անկման պատճառով»։