Արցախի օմբուդսմեն. Տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել բնակիչների իրավունքների իրացմանը

Տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել այդ տարածքի բնակիչների ունիվերսալ իրավունքների իրացմանը։ Այս մասին «Հոդված 3»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Արցախը չպետք է դիտարկվի որպես տարածքային վեճ։ Մենք պետք է առաջնորդվենք Արցախի բնակիչների իրավունքների առաջնահերթությամբ և հաշվի առնենք, որ աշխարհում մարդու իրավունքների օրակարգը ենթադրում է մարդու իրավունքների ունիվերսալություն։ Տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել այդ տարածքի բնակիչների ունիվերսալ իրավունքների իրացմանը»,- ընդգծել է օմբուդսմենը։

«Մենք փորձում ենք դա փոխանցել միջազգային կազմակերպություններին։ Մենք պատերազմի ժամանակ և դրանից հետո հրավիրել ենք այցելել Արցախ։ Ցավոք, և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո ոչ մի կազմակերպություն հստակ դիրքորոշում չզբաղեցրեց, համարձակություն չցուցաբերեց այցելել Արցախ»,- նշել է օմբուդսմենը՝ հավելելով, որ իրավապաշտպան կազմակերպությունները պարզապես ստիպված են եղել փաստահավաք առաքելություններ ուղարկել՝ թեկուզ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ստուգելու համար։

«Ցավոք, դա տեղի չունեցավ։ Արցախի հանրության մոտ նման անտարբերությունն անվստահություն և հիասթափություն է առաջացնում։ Սակայն աշխատանքը պետք է շարունակել, քանի որ Ադրբեջանը կփորձի լրացնել բացը, եթե այն առաջանա»,- ասել է Ստեփանյանը, տեղեկացնում է News.am։