Ալիևը և Էրդողանը չորս ժամ քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»

Երեկ Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է ավելի քան չորս ժամ, հաղորդում է «Вестник Кавказа»-ն։

Կողմերը նշել են, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ և երկու երկրների խորհրդարաններում տվյալ փաստաթղթի վավերացմամբ ադրբեջանա-թուրքական եղբայրական և բարեկամական հարաբերություններն էլ ավելի են զարգացել

Կողմերը մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ և նշել «Զանգեզուրի միջանցքի», ինչպես նաև Կարս-Նախիջևան երկաթգծի բացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության մեջ ամրագրված բոլոր դրույթների իրականացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ ոլորտում Բաքվի և Անկարայի էներգետիկ համագործակցությանը, այդ համատեքստում նշվել է Հարավային գազային միջանցքի հաջող գործարկումը, քննարկվել են այդ միջանցքով դեպի Թուրքիա գազի մատակարարումների ավելացման և դեպի Եվրոպա տարանցման հնարավորությունները, քննարկվել է նաև Իգդիր-Նախիջևան գազամուղի կառուցման հարցը, տեղեկացնում է News.am։