ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ԶԵՆՔ
2020 թվականին Հայաստանի հետ հակամարտությանը մասնակցելուց հետո Լեռնային Ղարաբաղում մնացած սիրիացի գրոհայիններին Թուրքիան ուղարկել է պատերազմելու Ուկրաինայում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է սիրիական ընդդիմության աղբյուրը:
«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու Հայաստանի դեմ 2020 թվականին ռազմական գործողություններին, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել էր այնտեղ։ Թուրքիան գրոհայիններին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,- ասել է աղբյուրը, հաղորդում է Sputnik Արմենիան:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱՎ ՉԻ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ։ Դեռևս մեկ-մեկուկես տարի առաջ հեշտ էր կանխատեսել իրադարձությունների նման զարգացումը։ Շատ բան էր վկայում այն մասին, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, բացի ամենից, դարձավ նաև պատերազմ վարելու բարբարոսական մեթոդների կիրառման մոդելի յուրօրինակ փորձարկում։ Մեթոդներ՝ զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, արգելված զենքի, մասնավորապես՝ ֆոսֆորային արկերի օգտագործմամբ: Իսկ այն մասին, որ պատերազմ վարելու այդօրինակ կեղտոտ տեխնոլոգիաները արտահանվելու էին հենց Ուկրաինա, վկայում է, օրինակ, հանրահայտ փաստը. 44-օրյա պատերազմից հետո Անկարան և Կիևը կնքեցին տխրահռչակ «բայրաքթարների» մատակարարման պայմանագիր, որոնց արյունալի շնորհանդեսը Թուրքիան անցկացրեց հենց Արցախում։ Բնականաբար, դժվար չէր ենթադրել, որ ԱՕԹՍ-ների հետ որպես կոմպլեկտավորում Անկարան Կիևին կտրամադրի նաև գրոհային ահաբեկիչներ։ Եվ ահավասիկ այդ ենթադրությունները կոնկրետ հաստատում են ստանում։
Ռուսաստանի դեմ կռվող զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ իրավիճակն ակնհայտորեն չի կարող անակնկալ լինել Մոսկվայի համար։ Այստեղ հիշենք 44-օրյա պատերազմում ներգրավված գրոհայինների վերաբերյալ ռուս փորձագետների և պատասխանատու անձանց մի քանի հայտարարություններ, որոնք արվել են ավելի վաղ։
2020թ. հոկտեմբերին՝ Արցախում պատերազմի օրերին, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են նետվել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները։ Նա նշեց, որ խոսքը հազարավոր արմատականների մասին է, որոնք մտադիր են մասնակցել մարտական գործողություններին՝ վարձավճարի դիմաց։ «Իրավիճակի ներկայիս սրումը խոր մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլև արտաքին նոր գործոնների ազդեցությամբ: Ադրբեջանի կողմից առաջին անգամ այդպես բացահայտ և միանշանակ հանդես եկավ Թուրքիան: Բացի այդ, Ղարաբաղում թեժացող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»,- նշեց ՌԴ ԱՀԾ ղեկավարն այն ժամանակ։
Արդեն պատերազմից հետո, եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ շաբաթ անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչները ոչ մի տեղ չեն գնացել։
Շանհայի համագործակցության կազմակերպությանն առընթեր ԱՊՀ զարգացման ինստիտուտի եվրասիական ինտեգրման բաժնի պետ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն անցած տարի նշեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում են մնալ, տարբեր գնահատականներով՝ 1700-ից մինչև 2000 արաբներ։ Դրանք զինված գրոհայիններ են, որոնց համար տներ են կառուցում Ղարաբաղի տարածքում։
Սրանք լոկ մի քանի դրվագներ են, որոնք վկայում են այն մասին, որ ռուսական կողմը գերազանց տեսնում էր խնդիրը։ Ընդ որում՝ և՛ ահաբեկիչներին Ղարաբաղ «ներկրելու», և՛ դրանց (ահաբեկիչներին) պատերազմից հետո հետ չուղարկելու մասով։
Ի դեպ, նշենք, որ պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից գրոհայինների օգտագործման մասին գիտեր նաև Ֆրանսիայի նախագահը, որը, հղում անելով հետախուզության տվյալներին, հաստատում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ջիհադիստական խմբավորումների գրոհայիններ Սիրիայից, որոնք տարածաշրջան են ներթափանցել Թուրքիայի տարածքով։ Բացի այդ, նույն համատեքստում հարկ է հիշել ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի անցած տարվա թվիթերյան գրառումը, որում նշվում էր, որ սիրիացի վարձկանները կրկին տեսանյութ են հրապարակել, որտեղ բողոքում են, որ Աբու Համշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդը, չի վճարում իրենց Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին մասնակցելու համար: «Մենք վիրավորներ ունենք։ Մենք շատ մարդ կորցրեցինք պատերազմում։ Մեզանից խլել են վարձավճարը։ Մարդիկ սովամահ են լինում»,- տեսահոլովակում նշում է սիրիացի վարձկաններից մեկը, ընդգծել է լրագրողը։
Կրկնեմ, թվարկված ամենը այն փաստերի լոկ չնչին մասն է, որոնք վկայում են, որ Արցախի դեմ պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օգտագործվել են ահաբեկիչներ, պատերազմից հետո դրանք մնացել են տարածաշրջանում և նրանց շտապ անհրաժեշտ էր նոր «աշխատանք»՝ նոր պատերազմում։ Ըստ էության, հիմա այդ պատերազմը սկսվել է Ուկրաինայում, և զարմանալի կլիներ, եթե թուրք հրահանգիչները չուղարկեին նրանց նոր ռազմաճակատ։
Ավաղ, Ղարաբաղում պատերազմի ո՛չ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո գրոհային ահաբեկիչների այդչափ բացահայտ ներգրավմանը համարժեք գնահատական չտրվեց ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ հենց նույն Մոսկվայի կողմից։ Ահաբեկչական զենքի այդ տեսակն, ըստ էության, ոչ ոք նույնիսկ չփորձեց վնասազերծել։ Եվ ահա ներկայումս այն կրկին «գործում է», բայց արդեն այլ վայրում և այլ նպատակներով…