Բայրամով. Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Այդ մասին Anadolu-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթ՝ բաղկացած 5 հոդվածից, և սպասում է պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է նա։ «Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանից մեր առաջարկին արձագանք չկա։ Իր բարի կամքը դրսևորելու համար ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է... Մենք հայկական կողմին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ըստ էության ներառում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք արտահայտել և հաստատել ենք մեր կարծիքը՝ պետությունների միջև հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքներին և ավանդույթներին համապատասխան»։

Նշելով, որ առաջարկը վերջերս է ուղարկվել, Բայրամովն ասել է. «Փաստաթուղթը մեկ էջանոց է։ Եթե հայկական կողմը ցանկանում է, որ հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է այս առաջարկին իր մոտեցումը հաղորդի։ Պետք է ասեմ, որ այս փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ոչինչ չկա», տեղեկացնում է News.am։