ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ․ EURONEWS-Ը ՀԻՇԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՏԱՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՖՈՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Euronews-ն անդրադարձել է Արցախի շուրջ իրավիճակի սրմանը և հումանիտար աղետին, որի եզրին է հայտնվել Հանրապետությունը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ-ից Արցախին գազ մատակարարող միակ գազատարի պայթյունի պատճառով։

 

 

«Արդեն երրորդ օրն է՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը մնում է առանց ՀՀ-ից մատակարարվող գազի։ Գազատարի վնասված հատվածը 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հումանիտար աղետ է հասունանում (կանգ են առել նույնիսկ բնական գազով աշխատող հացի գործարանները), բայց ադրբեջանական կողմը չի թույլատրում վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Նրանց հետ բանակցություններ են վարում ռուս խաղաղապահները», - գրել Է Euronews-ը՝ հրապարակելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի թվիթերյան գրառումը Արցախում տիրող իրավիճակի մասին։

Euronews-ը նաև մեջբերում է Արցախի իշխանությունների հայտարարություններն առ այն, որ այս ամենը տեղի է ունենում հաճախակի դարձած խաղաղ բնակավայրերի գնդակոծությունների և սադրանքների ֆոնին՝ հատկապես Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։

«Հաղորդվում է, որ ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսով մահվան սպառնալիքով ձայնագրություն են միացնում՝ կոչ անելով հայ բնակչությանը անհապաղ լքել գյուղերը», - նշում է կայքը։

Infoport.am