Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՆԱՐԳԵԼ ՕԳՏՎԻ ԲԱՔՈՒ-ԷՐԶՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐԻՑ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրառում է արել՝ անդրադառնալով արդբեջանի կողմից Արցախի բնակչությանը գազամատակարարումից զրկելուն:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի գազամատակարարումն ապահովող վնասված կամ միգուցե թշնամու կողմից շարքից դուրս բերված գազատարը կարևոր նշանակություն ունի մեր ազգի արցախյան հատվածի կենսունակության համար։
Ուստի, խոչընդոտելով դրա բնականոն աշխատանքը, թշնամին փորձում է մեզ զրկել մեր հայրենիքի մի մասում՝ Արցախում, ապրելու տարրական իրավունքից և հնարավորությունից, որն, ըստ էության, պետք է դիտարկել մեր դեմ սպիտակ ցեղասպանության փորձի հերթական բաղադրիչ։
Այս պարագայում ո՞վ է ասել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետական վարչախումբն անպայմանորեն պետք է կարողանա անարգել օգտվել և շահույթներ ստանալ բառիս բուն իմաստով Հայաստանի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին (Էրզրում) գազատարից»։