Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԵՔ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՇԱՀԵՐԻՆ

Ադրբեջանը, ըստ էության, փորձել է իր հինգ պայմաններն այնպես ներկայացնել, որ չեզոք դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, թե երկու պետությունները միջազգային իրավունքի հիման վրա պետք է բանակցություններ վարեն։ Այս մասին մարտի 14-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Սակայն մեր հակամարտության վերաբերյալ նրա առաջարկները ավելի ուշադիր ուսումնասիրելով՝ ավելի քան պարզ է դառնում, որ առաջին երեք կետերով Ադրբեջանը փորձում է առաջ մղել Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու իր ցանկությանը։ Սա, վստահ է Հովհաննիսյանը, կտրականապես հակասում է Հայաստանի և Արցախի շահերին, և նման որոշում չի կարող կայացվել։

Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության առաջին երեք պայմաններին վերաբերում են հետևյալ կետերը.

- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

- պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիքից, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից։

Ադրբեջանի ԱԳՆ-ը փորձել է ամեն ինչ ներկայացնել գեղեցիկ ձևակերպումներով՝ իբր վերցված միջազգային իրավունքից, որպեսզի ագրեսիվ չթվա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանը հրապարակայնորեն չի հրաժարվում բանակցային գործընթաց սկսելուց, քանի որ Ադրբեջանի նման դիրքորոշմամբ Երևանի մերժումը Բաքուն կներկայացնի որպես «մենք ուզում էինք խաղաղություն հաստատել, բայց Հայաստանը չցանկացավ»։ Սա Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դիմելու պատրվակ կհանդիսանա։

«Մյուս կողմից, Երևանը նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որը, ինչպես հայտնի է, միակ միջազգային ձևաչափն է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մանդատ ունի։ Հայաստանը համաձայն է բանակցային գործընթացին, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Եվ, հաշվի առնելով, որ նա ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնային մանդատ ունի, ապա բանակցային գործընթացում հակամարտության կարգավորումը պետք է առանձին դիտարկվի։

Այսպիսին պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առանձին է սահմանազատումից ու սահմանագծումից և տարածքային ամբողջականության հարցից։

Սահմանազատումն ու սահմանագծումը և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը չպետք է նշանակի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, քանի որ դա առանձին խնդիր է։

Ցանկացած դեպքում Ադրբեջանը կփորձի ամեն ինչ այնպես ներկայացնել, որ Հայաստանը հրաժարվել է իր առաջարկներից, բայց չի կարողանա դա ներկայացնել որպես բանակցային գործընթացի տապալում Երևանի կողմից։ Բաքուն ինքը հրաժարվում է բանակցությունների գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ընդունված ձևաչափի շրջանակներում։

Սակայն պատմությունը ցույց է տվել, որ այլ ձևաչափով բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնած գործընթացը դժվար թե շարունակություն ունենա՝ հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը – խմբ.)։

Բացի այդ, Ադրբեջանը հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ցանկություն չունի։ Բաքուն ուզում է տարբեր միջոցներով պարտադրել Հայաստանին գնալ որոշ զիջումների։ Այսինքն՝ կողմերից մեկը հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ցանկություն չունի»,- ընդգծեց Տարոն Հովհաննիսյանը։

News.am