Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ, ՄԵԶ ՇԱՏ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ

Երբ ընդդիմությունն ամիսներ առաջ խոսում էր Ադրբեջանի նկատմամբ համազգային դիմադրության մասին, իսկ իշխանությունն անտարբերություն էր ցուցաբերում, արդյունքը եղավ այն, որ թշնամին անցավ իր չափերը և, ի վերջո, Հայաստանին իր տեսակետից՝ 5 կետից բաղկացած առաջարկ, մեր տեսակետից՝ անընդունելի վերջնագիր ներկայացրեց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

«Մենք, որպես պետություն, իրադրությունը բերեցինք-հասցրեցինք սրան։ Ադրբեջանն, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության հանգամանքից, տեսնելով, որ ՌԴ-ն հիմնականում զբաղված է դրանով, փորձում է վերջնագրերի լեզվով խոսել և իր պատկերացրած առաջարկները ներկայացնել։ Բայց այդ առաջարկները խաղաղություն չեն բերելու. դա փաստ է։

Երբ ընդդիմությունն ասում էր, որ թշնամու ախորժակն ուտելիս է բացվելու, և իշխանության պատկերացրած խաղաղությունը չի գալու, այսօրվա համար էր ասում», - նշեց քաղաքագետը։

Արթուր Ղազարյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը փորձ է անում Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները հանրությանը ներկայացնել որպես փոխզիջում՝ հանուն կայուն խաղաղության։

«Ցավոք, այդ խաղաղությունը թվացյալ և սին է, Հայաստանի ապագան՝ մշուշոտ, և այսօր արդեն բախվում ենք թվացյալ խաղաղ ապագային։ Այսօր, ժողովրդական լեզվով ասած, մեր դռանը հոռետեսական ապագան է չոքել։ Արդեն անելանելի վիճակում ենք հայտնվել, և օր օրի ավելի պարզ է դառնում, որ սրա հետևաքները շատ դառն են լինելու։

Մենք չենք կարողանում ճիշտ թիրախ ընտրել, իսկ ճիշտ թիրախը թուրք-ադրբեջանական տանդեմն է։ Փաստ է, որ այդ տանդեմը խորքային նպատակ ունի բնաջնջելու Հայաստանը. դա պարզապես ժամանակի հարց է։ Եթե այսպես շարունակենք, մեզ շատ քիչ ժամանակ է մնացել», - նշեց մեր զրուցակիցը։

Aysor.am