Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԵԽԽՎ-Ն ԿԱՆԽԵԼ ՆՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Հետևելով այս օրերի քննարկումներին՝ ակամայից հարց է ծագում․ իսկ ո՞ւր էր մեր կազմակերպությունը, երբ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) դեմ պատերազմ էր սանձազերծում և օկուպացնում Եվրոպայի Խորհրդի մեկ այլ անդամի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Այս մասին ԵԽԽՎ լիագումար արտահերթ նիստում իր ելույթում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ամեն Գևորգյանը։
Նա, մասնավոերապես, նշել է. «Հիշեցնեմ, որ 2020թ-ի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հայ ժողովրդին իր պատմական հողի վրա ապրելու իրավունքից զրկելու համար: Թուրքական ռազմական ԱԹՍ-ներով սպանվում էին հազարավոր մարդիկ, ավերվում էին հիվանդանոցներ, դպրոցներ ու խաղաղ բնակչության տները։ Ինչպիսի՞ հիասթափություն ապրեցին Հայաստանի և Արցախի հասարակ քաղաքացիները, երբ նրանք Եվրոպայի Խորհրդի կողմից այդպես էլ չտեսան պատժամիջոցներ:
Իսկ արդյոք գիտե՞ն Եվրոպայի Խորհրդի իմ գործընկերները այս օրերին Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։ Մեկ շաբաթից ավել է, ինչ այստեղ բնակչությունը ստիպված է ապրել առանց գազի և էլեկտրականության, պարբերաբար կրակ է արձակվում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի կառավարությունը բնիկ ժողովրդին հետևողականորեն կոչ է անում լքել սեփական տները, հակառակ դեպքում կլինեն իրական հետևանքներ։ Այս ամենը վկայում է էթնիկ զտումների մասին և միջազգային իրավունքի տարրական նորմերի ակնհայտ խախտում է։
Կկարողանա՞ արդյոք մեր կազմակերպությունը կանխել նոր ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում: Այս կասկածներն առաջանում են հաշվի առնելով այն, որ այս դահլիճում ընդունված բանաձևերը, արհեստականորեն երկու կողմերին հավասար մեղադրելով, փաստացի լեգիտիմացնում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքները։
Լինելով Հայաստանի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում եմ ցանկացած պատերազմի ողբերգությունը և Ուկրաինայում շուտափույթ խաղաղության կոչ եմ անում։ Որքան էլ որ մեր` հայերիս համար ցավալի է տեսնել Ուկրաինայում շարունակվող աղետը, մեզ համար անընդունելի են միջազգային կազմակերպությունների տարբերակված մոտեցումները։ Խաղաղության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը չի կարող փոքր և մեծ պետությունների համար տարբեր լինել։ Չկան լավ ու վատ պատերազմներ։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեզ համար հայ, ուկրաինացի և Եվրոպայի այլ երեխաների տառապանքները աշխարհաքաղաքական ծագում չունեն։
Մենք պետք է մտորենք այն հարցի շուրջ, թե ինչու են Եվրոպայում անընդհատ պատերազմներ լինում։ Մեր պատմական առաքելությունը չկորցնելու համար՝ մենք պետք է խորհենք, թե ինչո՞ւ Խորհրդային Միության փլուզումից հետո չկարողացանք կերտել ավելի համախմբված ու հակամարտություններից զերծ Մեծ եվրոպական ընտանիք, տեղեկացնում է News.am-ը: