ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԵՎ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳԸ. ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ՞

Չավուշօղլուի հետ հանդիպումից ակնհայտորեն էյֆորիայի մեջ ընկած «Հայաստանի ԱԳՆ» անվանումով կառույցի ղեկավարի լուսանկարներն անցած շաբաթվա վերջին դարձան սոցցանցերի իսկական հակահիթը: Կեղծավոր կերպարանքները, որոնք ջանադրաբար հորթի հրճվանք էին ցուցադրում թուրքավարի «խաղաղության դարաշրջանի» կանխավայելումով, նորմալ հայերի մոտ ոչ միայն սրտխառնոց էին առաջացնում. Արցախում տիրող հումանիտար աղետի խորապատկերին այդ լուսանկարներն իսկապես հրեշավոր էին դիտվում՝ անխնա ցուցադրելով այդ մարդկանց ողջ նսեմությունը, որոնք որոշել են ամեն գնով յուզգյարանալ թուրքերի հետ՝ կոխկրտելով աղետալի կորուստներից դեռ չամոքված վերքերն ու չմարած ցավը։

Վերջին օրերին կատաղի արագությամբ մեր շուրջ կրկին մոլեգնող իրադարձությունների գլխավոր նպատակներից մեկն ակնհայտորեն և՛ Արցախում, և՛ Հայաստանում հայ ժողովրդին վախեցնելն է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, ստիպելով նրան համաձայնել հերթական զիջումներին: Դա նշում են բազմաթիվ դիտորդներ ու քաղաքական գործիչներ՝ միաժամանակ ընդգծելով նաև մեկ այլ կարևորագույն հանգամանք. ՀՀ իշխանությունները հասարակության թիկունքում փաստացի հյուսում են հերթական հակահայկական դավադրության ցանցը, որի թելերն արդեն դուրս են ցցվել նախկինում ջանադրաբար քողարկած բոլոր անցքերից։ Խոսքը ինչպես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերությունների տխրահռչակ «կարգավորման» մասին է. ասենք, այս երկու գործընթացների միջև նախկինում էլ դժվար էր սահման անցկացնել, իսկ հիմա դա առավելևս չկա։

Հունվարի 18-ին տեղի ունեցավ երկու հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը. մի կողմից՝ չափազանց փորձառու թուրք դիվանագետի, մյուս կողմից՝ դիվանագիտության ասպարեզում առայժմ ոչ մի դափնի չնվաճած և միայն մի շարք սկանդալներով անուն հանած 32-ամյա քաղաքական թերահասի։ Դրա արդյունքներով հայտարարվեց, թե իբր՝ երկու երկրներն էլ հանդես են եկել հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու օգտին։ Ընդ որում Ռուբինյանը հատուկ ընդգծեց, թե այդ դիրքորոշումն արտացոլված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, և հավելեց իր շեֆի սիրելի արտահայտությունը. «հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում»։

Բանակցությունների բովանդակության մասին ոչ մի մանրամասներ ընդ որում չհաղորդվեցին։ Ամենայն հավանականությամբ, հայ հասարակությանը չի կարելի իմանալ, թե ինչ է քննարկվել թուրքերի հետ հայոց պետականության և ժողովրդի ճակատագրի համար կարևորագույն հարցի շուրջ։

Մեկ ամսից քիչ անց՝ փետրվարի 24-ին, կայացավ երկրորդ հանդիպումը։ Դրա մասին հաղորդագրությունները պարզապես առաջինի պատճենն էին. «Թուրքիան և Հայաստանը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ հարաբերությունների լիակատար կարգավորմանն ուղղված երկխոսությունը շարունակելու առանց նախապայմանների»: Հավելվեց լոկ այն, որ «կողմերը մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ»։ Թե ինչ կոնկրետ քայլերի մասին էր խոսքը, մեզ կրկին հարկ չէ իմանալ՝ լիովին վստահելով թիմին, որի թուրքամետ տրամադրվածությունն այլևս չեն թաքցնում հենց իրենք՝ դրա անդամները։

Մարտի 12-ին Անթալիայում տեղի ունեցավ հենց այն հանդիպումը, որն իսկական էքստազի մեջ գցեց Արարատ-Օմեգա Միրզոյանին։ Համենայնդեպս այդպիսի տպավորություն է ստեղծվում պաշտոնական լուսանկարներից ու տեսանյութերից։ Իսկ ինչի՞ մասին են խոսել Միրզոյանն ու Չավուշօղլուն։ Դե, նույն այն բանի, ինչի մասին խոսել են Ռուբինյանն ու Քըլըչը. հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների: Բացի այդ, «Արաբատը», ինչպես անվանեցին Նիկոլի զինակիցին թուրքական եթերում (իհարկե, առանց որևէ չար դիտավորության), կրկին հայտարարեց «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու վճռականության» մասին: Իսկ այ Չավուշօղլուն մի քանի բառով այնուամենայնիվ փոքր-ինչ ընդարձակեց պաշտոնական հերթապահ հաղորդագրությունների շրջանակները, անվանելով հանդիպումը «շատ կառուցողական և արդյունավետ», և հայտնելով, որ «քննարկվել են հարաբերությունների լիակատար կարգավորմանն ուղղված քայլեր»։

Ինչի ՞ հիման վրա են թուրքերն անվանում հանդիպումը արդյունավետ, հատկապես ի՞նչ արդյունքների են նրանք հասել, ի՞նչ քայլեր են քննարկվել, ինչի՞ մասին է խոսել Միրզոյանը, բացի «խաղաղության դարաշրջանի» մասին մանտրայից, խոսել է արդյոք ընդհանրապես, թե՞ լոկ հնազանդ լսել թուրքին։ Այս հարցերը մնացին անպատասխան. աշխարհի «ամենաթափանցիկ» իշխանության ոչ մի ներկայացուցիչ մտադիր էլ չէ ինչ-որ բան հաղորդել հայ հասարակայնությանը։ Ավելին, հարկ չհամարեցին նույնիսկ փակ հանդիպում անցկացնել խորհրդարանում՝ պատգամավորներին իրազեկելու համար. ասենք, վերջիններս, այդ թվում ընդդիմադիրները, չպահանջեցին էլ դա։

Այո, դիվանագիտական հանդիպումներն ու բանակցությունները, որպես կանոն, հրապարակայնություն չեն հանդուրժում, և բանակցությունների մասին հրապարակային հաղորդագրությունները սահմանափակվում են հիմնականում հերթապահ արտահայտություններով։ Բայց բնավ ոչ այն դեպքում, երբ խոսքը ազգի համար ճակատագրական հարցի մասին է, որը վերաբերում է իրեն հայ համարող ցանկացած մարդու՝ աշխարհի ցանկացած երկրում։ Եվ ոչ այն դեպքում, երբ բանակցությունները վարում են այն իշխանությունները, որոնք կառավարման 4 տարվա ընթացքում բառացիորեն թաղվել են ստի մեջ ու վաղուց ապացուցել սեփական շահերի բացարձակ կտրվածությունը ազգային ու պետական շահերից։ Եթե չասենք՝ դրանց կատարյալ համընկնումը թուրքական շահերի հետ։

Մարտի 14-ին, անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն հրապարակեց Հայաստանին ուղղված 5 առաջարկները, հայտնվեց շատ խոսուն հաղորդագրություն։ Ինչպես տեղեկացրեց Yerevan Today-ը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմում համարում են, որ հարաբերությունների կարգավորման համար Երևանը պետք է ընդունի Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները: «Թուրքական կողմը համոզված է, որ այդ սկզբունքները համապատասխանում են բուն Հայաստանի շահերին և լուրջ ազդակ կհաղորդեն տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովման գործընթացին»,- ասված Է հաղորդագրության մեջ՝ հղումով Sputnik Ազերբայջանին: Դե, իհարկե, ուրիշ ո՞վ ավելի լավ գիտի Հայաստանի շահերը, եթե ոչ ցեղասպան Թուրքիան, որն ընդ որում մոտ մեկուկես տարի առաջ ակտիվորեն մասնակցել է հայ ժողովրդի դեմ ուղղված դաժանագույն ագրեսիային

Այժմ հարցեր ուղղենք Ռուբինյանին ու Միրզոյանին. եթե դա նախապայման չէ, ապա ի՞նչ է։ Չէ՞ որ դեռ անցած տարեվերջին Թուրքիան բաց տեքստով հայտարարում էր, որ Բաքվի հետ համակարգելու է Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» բոլոր քայլերը։ Եվ եթե Անկարան այսօր բարձրացնում է միայն տվյալ հարցերը, չի՞ նշանակում արդյոք դա, որ նրա նախորդ բոլոր պահանջները հայկական կողմն արդեն ընդունել է։ Մի՞թե նման պահանջը թուրքական կողմի «կառուցողականության» վկայությունն է, որով այդքան հիացած եք։ Եվ մտադի՞ր է արդյոք կապիտուլյանտի թիմը բավարարել դա՝ հանուն նույն այն «խաղաղության», որն արդեն դիվական մոլուցք է դարձել իր համար:

Այս հարցերի պատասխաններն ակնհայտ են, ինչպես որ ակնհայտ է այն փաստը, որ կուլիսային գործընթացներն անդադար շարունակվել են հետպատերազմյան ողջ շրջանում։ Դրանց բովանդակությունը հեշտ է գուշակել՝ դատելով գործնական արդյունքից. Փաշինյանի «զրոյական կետից» մինչև թուրքերի հինգ առաջարկներ, իսկ իրականում՝ պահանջներ, որոնք ենթադրում են նախևառաջ վերջնական հրաժարում Արցախից, ինչպես նաև մի շարք այլ հակազգային ճակատագրական քայլեր։ Հենց սա է գրեթե 4 տարի շարունակ Հայաստանն անդունդ գլորելու արդյունքը, որտեղից մեր ելքի ուղին կփակվի, եթե իշխանությունները կատարեն նաև այս պահանջները։

Որևէ մեկը կասկած ունի՞, որ նրանք այդ քայլին էլ կգնան։ Որևէ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ արդեն լիակատար աղետն ու հույսի վերջին նշույլի կորուստը կանխելու միակ ճանապարհը դավաճանների թիմի անհապաղ հեռացումն է՝ առանց որևէ նախապայմանների։