Սպիտակ տունը չի աջակցում Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտու սահմանմանը, չնայած Զելենսկու խնդրանքներին

Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բազմաթիվ խնդրանքներին՝ Սպիտակ տունը չի աջակցում Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտու սահմանմանը կամ Ուկրաինայի ռազմաօդային ուժերին նոր կործանիչներ մատակարարելուն։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Ես կցանկանայի նշել, որ [Պենտագոնը] հայտարարել է, որ ինքնաթիռների մատակարարումը դժվար թե էապես փոխի Ուկրաինայի ռազմաօդային ուժերի արդյունավետությունը՝ համեմատած Ռուսաստանի հնարավորությունների հետ»,- ասել է Փսակին։ «Գնահատականն այն էր, որ այդ ինքնաթիռների տեղափոխումը կարող է սխալմամբ ընկալվել որպես էսկալացիա և հանգեցնել Ռուսաստանի լուրջ արձագանքի, և ռիսկի այդ գնահատականը չի փոխվել»:

Ոչ թռիչքային գոտու վերաբերյալ Փսակին ասել է, որ Բայդենը «որոշումները պետք է ազգային անվտանգության և գլոբալ անվտանգության շահերի տեսանկյունից դիտարկի, և նա առաջվա պես կարծում է, որ ոչ թռիչքային գոտին էսկալացիա կլինի ու կարող է պատերազմ հրահրել Ռուսաստանի դեմ»: «Չեմ կարծում, որ այս պահին Կապիտոլիումի բլրի վրա դրա շատ կողմնակիցներ կան, բայց մենք, իհարկե, հասկանում և ընդունում ենք, որ սա դեռևս նախագահ Զելենսկու կոչն է»,- հավելել է նա:

Սպասվում է, որ չորեքշաբթի Զելենսկին առցանց ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում։ Երեքշաբթի ելույթ ունենալով Կանադայի Համայնքների պալատի առջև՝ Ուկրաինայի նախագահը լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել և կոչ է արել Կանադային աջակցել Ուկրաինայի օդային տարածքի փակմանը, տեղեկացնում է News.am։