ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին
Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
Թաթոյանը տեղեկացրեց, որ կառավարությունն անտեսել է Կապանի աշխատակազմի առաջարկը՝ անվտանգության պահանջներին լիովին համապատասխանող ճանապարհի կառուցման վերաբերյալ: Վերլուծելով բռնազավթված տարածքներից ստացվող տեղեկությունները՝ անկարելի է ձերբազատվել այն մտքից, որ Փաշինյանի կառավարությունը միտումնավոր կերպով վարում է սահմանամերձ համայնքների բնակիչների շահերին հակասող քաղաքականություն։
Բերդ խոշորացված համայնքի մասին վերջին շրջանում խոսվում է բացառապես դրա ղեկավար Հարություն Մանուչարյանի քաղաքական հետապնդումների առնչությամբ։ Մենք կխախտենք ավանդույթը և, վկայակոչելով Ներքին Կարմիրաղբյուր վարչական միավորի ղեկավար Լևոն Առաքելյանին, կհիշեցնենք 2020-ի հուլիսյան իրադարձությունները Տավուշում։ Այն ժամանակ ադրբեջանական զինուժի գնդակոծությունների արդյունքում վնասվել էր 6 տուն։ Անցել է գրեթե 2 տարի, իսկ գործն այդպես էլ չի շարժվել մեռյալ կետից։ Ներքին Կարմիրաղբյուր տարածքային միավորի բնակիչները բազմաթիվ բողոքներ ու դիմումներ են գրել մարզային աշխատակազմին, սակայն Տավուշի մարզպետը՝ Փաշինյանի մտերիմ ընկեր Հայկ Ղալումյանը, ոչինչ չի ձեռնարկում: Ներքին Կարմիրաղբյուրը սահմանամերձ տարածք է, ադրբեջանական զինուժի ռմբակոծություններից և գնդակոծություններից հետո վերականգնողական աշխատանքները համակարգել է նույն այն Ռոբերտ Ղուկասյանը, որը վերջերս Փաշինյանի հրամանով զբաղեցրեց Սյունիքի մարզպետի պաշտոնը: Ներքին Կարմիրաղբյուրում վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ղուկասյանն անկարող գտնվեց, ինչի համար էլ, պետք է ենթադրել, խրախուսանք ստացավ Նիկոլ Փաշինյանից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի տեսքով…
Շուռնուխի ղեկավարը արդարության հույս ունի
Սյունիքի գործերով դեռևս Մելիքսեթ Պողոսյանի ժամանակներից զբաղվում է միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Մեզ հայտնի է, որ մայիսի 12-ին մարզի բռնազավթումից հետո խմբին հաջողվել է շահագործման նախապատրաստել Որոտան վարչական միավորի հացի արտադրամասը։
Դա թույլ կտա հաց մատակարարել Շուռնուխ համայնքին, որի մի մասն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Համայնքի բնակիչները դժվարությամբ են ուղևորվում Գորիս, փոխադրումներն իրականացնում է զինվորական «Ուրալ»-ը՝ շաբաթը 2 անգամ: Շուռնուխ վարչական միավորի ղեկավար Հակոբ Արշակյանը օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում պատմել է, որ գյուղը կիսելուց հետո 4 ընտանիքներ տեղափոխվել են Գորիս, որտեղ ապրում են վարձով, իսկ մյուսները ժամանակավորապես բնակվում են Սարավանում: Բռնազավթումից հետո Շուռնուխում մնացել է ընդամենը 110 բնակիչ, տեղի դպրոցում սովորում է 18 աշակերտ, մանկապարտեզ չկա, փոխարենը կա բուժկետ։
Արշակյանը հույս ունի, որ սահմանագծման և սահմանազատման արդյունքում արդարությունը կվերականգնվի։ Նա նույնպես զրկվել է իր տնից և այժմ ապրում է գյուղապետարանի շենքում։ Արշակյանը պատմեց, որ իրեն տնից վռնդել է ադրբեջանցի գեներալը, որն ինչ-որ քարտեզ է ցույց տվել իրեն և ոտքը գետնին զարկելով՝ ասել, թե սա ադրբեջանական հող է։ «Ռուս գեներալն ասում է, որ գենշտաբի քարտեզով ենք առաջնորդվելու։ Այդ քարտեզը հանում են, ադրբեջանցի գեներալն ասում է՝ հեռացրեք, մենք GPS-ով ենք որոշելու, թե որոնք են մեր տարածքները։ Սև լճում այդ նույն GPS-ը ցույց է տալիս, որ Սև լիճը մերն է։ Բայց թուրքն այնտեղ իր ուզած անհասկանալի քարտեզն է ցույց տալիս և ասում, որ այդտեղ քարտեզով են շարժվում»,- ասաց գյուղապետը։ Արշակյանը պատմեց նաև, որ այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է և, հակառակ կառավարության խոստումների, դրա կառուցումը չի ավարտվի ապրիլին, այլ կձգվի մինչև տարեվերջ:
ԱԻՆ-ի մեքենայով ամեն առավոտ Գորիսից հաց են տանում Շուռնուխ, վարչական միավորի տարածքում գործում է միայն 1 խանութ, Գորիսից և Կապանից ապրանքների առաքումը շատ է դժվարացել, համայնքի բնակիչները չեն կարողանում անասնաբուծությամբ զբաղվել, քանի որ անասունները գնում են ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած արոտավայրեր: Ճակատենի, Շիկահողի, Արաշենի, Ներքին Հանդի, Ծավի, Շիշկերտի բնակիչները մշտապես գտնվում են ադրբեջանական զավթիչների թիրախում, սակայն իշխանությունը լռության է մատնում այդ հանգամանքը՝ ազդարարելով «խաղաղության դարաշրջանի» գալուստ։
Ավետյանն ահազանգում է, կառավարությունից չեն արձագանքում
Բռնազավթված մյուս մարզից տագնապալի տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Գեղամասար համայնքի (Գեղարքունիքի մարզ) մի քանի վարչական միավորներ տարածքում զավթիչների խորանալուց հետո բնակիչները զրկվել են խմելու ջրից: Հնարավորություն չկա ոռոգման աշխատանքներ կատարել գարնանացանի ընթացքում, ինչի մասին տեղեկացրել է Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նրա խոսքերով, խոշորացված համայնքի 18 գյուղերից 6-ը զրկվել են կանոնավոր ջրամատակարարումից: Ջրի աղբյուրները, որոնցից օգտվում էին Կութ, Սոթք և Ազատ գյուղերի բնակիչները, գտնվում են ադրբեջանական զավթիչների դիրքերի մոտ, իսկ Ջաղացաձոր գյուղի աղբյուրները սկիզբ են առնում Այրքից և նույնպես մասնակիորեն գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Նորաբակ և Գեղամաբակ գյուղերը մատակարարող աղբյուրները լիովին վերահսկվում են զավթիչների կողմից։
Ավետյանն ահազանգում է արդեն մի քանի ամիս շարունակ, սակայն կառավարությունում նրան չեն լսում։ Ինչո՞վ է զբաղված տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Առջևում շոգ ամառն է, բնակիչներն առայժմ ջուր են կրում հարևան համայնքներից, ադրբեջանցիների մասնակի վերահսկողության տակ գտնվող աղբյուրներից օգտվելն անվտանգ չէ, ջրի թունավորման վտանգ կա։ Մայիսի 12-ից ի վեր Գեղարքունիքի բնակիչները զրկված են արոտավայրերից օգտվելու և հող մշակելու հնարավորությունից։
Սարերի ձյունը դեռ չի հալչել, բայց արդեն կա առաջին զոհը։ Մարտի 7-ին ադրբեջանական դիրքերից գնդակոծության հետևանքով սպանվել է 33-ամյա սերժանտ Հրաչ Մանասարյանը: Իրականանում են կանխատեսումներն այն մասին, որ զավթիչների դիրքեր բերված ծանր ռազմական տեխնիկան չէր կարող նախատեսված լինել միայն նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմի համար։ Այդ զենքը դեռ կրակելու է հայ զինվորների ու գրավյալ տարածքների խաղաղ բնակիչների վրա։ Ադրբեջանցիները ջանում են դուրս մղել հայ բնակչությանը ոչ միայն Արցախից, այլև Սյունիքից ու վերին Շորժայից, իսկ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի անում բռնազավթված մարզերի բնակիչների համար կյանքի ընդունելի պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը, իր նախարարներն ու մարզպետները միտումնավոր անտեսում են իրավիճակը։ Հիմնավորված կասկածներ են առաջանում, որ Հայաստանի գործադիր իշխանությունը, ինչպեսև ադրբեջանցիները, շահագրգռված է, որ բնակչությունն արտագաղթի գրավյալ տարածքներից։ Այլապես կառավարությունը չէր զբաղվի տոպրակներով ու հանրային սննդի օբյեկտների աղամաններով՝ անտեսելով նրանց խնդիրները, ովքեր տուժել են և շարունակում են տուժել ադրբեջանցիների ներկայությունից։ Ուշադրություն դարձրեք, պարոնայք ընթերցողներ, տոպրակների և աղամանների մասին կառավարության նիստերում խոսվում է այնպիսի ջերմեռանդությամբ, ասես խոսքը բնակչության անվտանգության խնդրի մասին է, մինչդեռ Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհների շինարարության մասին խոսվում է այնպես, հընթացս…
Բռնազավթված և ադրբեջանցիների գործողություններից տուժած տարածքների բնակիչների խնդիրների նկատմամբ իշխանության հանցավոր անտարբերության խորապատկերին «առանց նախապայմանների» խաղաղության մասին դատողություններն առնվազն զազրելի են: Սյունիքից և Գեղարքունիքից բնակչության ելքը խաղաղության նախապայմաններից մեկն է՝ Ալիևի և Էրդողանի ձևաններով, քանզի հանրահայտ է, որ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ բանակցությունները զուտ ձևական բնույթ են կրում, խաղաղության համաձայնագրերի բոլոր պայմանները՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, արդեն նախորոշված են ժողովրդի թիկունքում...