ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

Եվ իրավացի է, որ ունի, քանի որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ճամարտակում են, թե Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկել։ Եվ որ առհասարակ Արցախի հարցը նրա բնակիչների իրավունքների և ազատությունների հարց է։ Դե, Բաքուն առանձնապես չի էլ առարկում, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։ Պարզապես չառարկելով՝ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ փաստացի արգելափակել է հանրապետության գազամատակարարումը…

Ասում են՝ Հայաստանը նոր նախագահ ունի։ Վահագն Խաչատրյան Է անունը։ Իհարկե, նույնիսկ ամոթ է նույն շարքում դնել Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և ճողոպրած Արմեն Սարգսյանին։ Առավելևս՝ Վահագն Խաչատրյանին, որին գուրգուրել-փայփայել են։ Բայց այդուհանդերձ։ Խաչատրյանը բազմաթիվ գեղեցիկ խոսքեր ասաց։ Այն մասին, որ ինքը շատ անելիքներ ունի՝ որպես հայկական աշխարհի խորհրդանիշ։ Հարց. իսկ ինչո՞ւ սկզբի համար չմեկնի Արցախ: Բոլորի քիթը տրորի։ Եվ մեկնի ոչ դատարկ ձեռքով։ Այլ, օրինակ, գազի բալոններով, որ հիմա ողջ Հայաստանում հավաքում են կամավորները, որպեսզի օգնեն արցախցի հայրենակիցներին։ Ինչո՞ւ Վահագն Խաչատրյանը չայցելի Արցախ. շփվի բնակիչների հետ, շրջի Ստեփանակերտի փողոցներով և այդպիսի քայլով շախ ու մատ անի իրեն պախարակողներին։

Ոչ, չի գործի Վահագն Խաչատրյանն այդպիսի արարք։ Որովհետև նրան, ըստ Սահմանադրության՝ պետության ղեկավարին, դա արգելում է անել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանին արգելում է Իլհամ Ալիևը, որն ասում է. եթե դուք ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես հայտարարում է Արարատ Միրզոյանը, իսկ Արցախի հարցը զուտ իրավունքների և ազատությունների խնդիր է, ապա Հայաստանի պաշտոնատար անձինք անելիք չունեն Ադրբեջանի տարածքում՝ առանց Բաքվի իշխանությունների համաձայնության։ Առանց Բաքվի թույլտվության։

Այո, ասում է Ալիևը, Ղարաբաղի բնակիչներն ունեն ազատ տեղաշարժվելու, առավելևս՝ Արցախն ընդմիշտ լքելու ազատություն։ Մենք նրանց տալիս ենք այդ ազատությունը, ասում է Ալիևը, ընտրելու մի երկիր, որտեղ սառնամանիքին գազամատակարարումը նորմալ է գործում, այդ իրավունքը նրանք ունեն։ Սակայն պաշտոնական Երևանը իրավունք չունի Ստեփանակերտ այցելել առանց Բաքվի թույլտվության, եթե դուք ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բացատրիր դա, Նիկոլ Վովայևիչ, քո նախարարներին, ասում է Ալիևը, իսկ եթե մեկնումեկը չհնազանդվի, ինչպես քո նախկին պաշտպանության նախարարը, ապա պաշտոնազրկիր, այլապես նոր դիրքեր կգրավենք Հայաստանի տարածքում, որպեսզի ցույց տանք, որ երբ մտքներովս անցնի՝ կարող ենք ներխուժել ձեր տարածք առանց որևէ մեկին հարցնելու, և դուք ոչինչ չեք կարող անել…

Ինչո՞ւ ենք այս ամենը հնչեցնում։ Ի՞նչ կարելի է պահանջել Երևանի իշխանություններից։ Պահանջն ընդդիմությունից է։ Համաձա՞յն է արդյոք ընդդիմությունը Արցախի շուրջ գործընթացների շարունակմանը նույն ոգով։

... Վերջերս ինձ հիշեցրին մի ընկերոջ խոսքերը, որն այլևս մեզ հետ չէ։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին նա ասաց ընկերների միջավայրում. «Ստացվում է՝ իզուր ենք ապրել...»: Այդպես են մտածում շատերը։ Համամի՞տ են արդյոք դրան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Основная тема:
Теги: