Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի հարցով Նիկոլի և Արարատի վերջին ստերի մասին նոր ապացույցներ։

Նիկոլ Փաշինյանի համար արցախյան պատերազմի մեղքերն ու արյունն իր վրայից մաքրելու նպատակը դարձել է գերակա և այդ նպատակի առջև նա կանգ չի առնում՝ շարունակելով ստեր տարածել:

 

Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այս թեզը դատարկ թեզ է, որը չի դիմանում քննադատության՝ որևէ միջազգային կառույցին անդամակցելով պետություններն արարողակարգային իմաստով հայտարարում են, որ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը:

Դիտավորությու՞ն, թե՞՝ տոտալ տգիտություն է ԱԳ նախարարի հայտարարությունը, բայց մեզ փորձում են մոլորեցնել:

Համաձայնագիրը, որի մասին խոսում է Միրզոյանը, իրականում, ստորագրվել է 91-ի դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:

Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարող ստորագրել այդ համաձայնագիրը, ինչպես ներկայացնում է վերոնշյալ արարածը:

Երկրորդ սուտը՝ Միրզոյանն ասում է, որ «համատեղ» են ստորագրել Հայաստանն ու Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը դա արել է 1992-ի փետրվարին, իսկ Ադրբեջանը՝ 1993-ի սեպտեմբերին:

Հղում անելով տարածքային ամբողջականության դրույթի վրա տվյալ համաձայնագրում, չի շեշտվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԱՊՀ-ին ավելի ուշ, ստորագրելով, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որով Հայաստանը, Ադրբեջանն ու մի շարք այլ պետություններ հայտարարել են ԱՊՀ ստեղծելու համաձայնագրին միանալու մասին:

Համաձայնագիրն իր մեջ, բացի տարածքային ամբողջականության դրույթից, պարունակում է «ինքնորոշման անկապտելի իրավունք» արտահայտությունը:

Հարց, եթե Միրզոյանը հղում է անում, ընդ որում՝ սխալ, ԱՊՀ ստեղծման համաձայնագրին՝ խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չի խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին», որը նույն համաձայնագրի մաս է:

ԱՊՀ ստեղծման Համաձայնագրից և ԱՊՀ-ին միանալու Հռչակագրից բացի կա 3-րդ հիմնարար փաստաթուղթը՝ ԱՊՀ Կանոնադրություն, որն ընդունվել է 1993-ի հունվարին:

ԱՊՀ Կանոնադրության հոդված 3-րդը բանաձևում է «ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունք» հասկացությունը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը, անգամ, վավերացնում է համաձայնագիրը վերապահումներով.

• Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:

• Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

«Նիկոլենք» հայերի համար կարևոր սկզբունքը բաց են թողնում ՝ տարածելով պրոադրբեջանական տեսակետներ:

Արցախի հարցի շուրջ տեղի են ունենում դիվանագիտական բուռն զարգացումներ, որոնց մի մասը գաղտնի է պահվում ժողովրդից. պետք է կանգնեցնել այս ամենը:

Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ