ԳՈՅԱԿՑՈՒՄՆ ԱՆՀՆԱՐ Է. ՀԱՅԱՍՏԱՆ, ԹԵ՞ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆ

Ո՞վ ասաց, թե գործող իշխանություններն իսպառ զուրկ են սկզբունքներից և չունեն քաղաքական հայեցակարգ։ Ամենևի՛ն. այդ ամենն առկա է։ Ավելին. սպառազինության առած միջոցների և թիրախների զինանոցը 4 տարվա ընթացքում ցուցադրված է փայլուն կերպով։ Ինչպեսև այն հանգամանքը, որ համապատասխան ուժային կենտրոնների մշակած տեխնոլոգիաները վարպետորեն հարմարեցվել են «հայկական պարագային»՝ հաշվի առնելով ինչպես ազգային հոգեկերտվածքը, այնպես էլ կատարողներին։ Եվ հենց վերջիններիս վրա հաշվարկ կառուցելով էլ հաջողության գլխավոր գործոններ են ընտրվել «սկզբունքները»՝ սուտն ու մշտական մանիպուլյացիաները, ուղղված վերջնական արդյունքին՝ դավաճանությանը։

Վերջին 2 օրվա առավել աղմկահարույց երկու սկանդալները՝ գործնականում անդադար սկանդալների շարանից, դրա առավել քան ակներև հաստատումն են: Էդուարդ Աղաջանյանի՝ ներկայումս խորհրդարանական դիվանագիտությունը (գրեթե գոյություն չունեցող) գլխավորող նախկին դի-ջեյի հարցազրույցը և նախքան «հեղափոխությունը» պատմության ուսուցիչ աշխատած և ռազմական գործի ու բանակի հետ ընդհանուր ոչինչ երբեք չունեցած Սուրեն Պապիկյանի գլխավորած Պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ առաջինի երկօրյա բառալուծը մանիպուլյացիաների դասական օրինակ է՝ ՔՊ-ի պարագլխի լավագույն ավանդույթներով, իսկ Պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ պաշտոնական ստի նույնպիսի դասական օրինակ։ Ընդ որում շոշափված երկու հարցերն էլ կարևորագույն, եթե չասենք՝ բախտորոշ նշանակություն ունեն երկրի և ազգի համար։

Խնդիրը շատ ավելի խորն է. հենց սա է Հայաստանի փաստացի իշխանությունը, սա է այն գործիքակազմը, որով նրանք «կառավարում» են երկիրն արդեն գրեթե 4 տարի։ Եվ որով հասցրել են այն ներկայիս աղետալի և, որպես ինքնիշխան ու ոտքերի վրա ամուր կանգնած պետություն՝ գրեթե անհուսալի վիճակին։ Եթե խորամուխ լինենք, հենց դա էր այն ուժերի նպատակը, որոնք իշխանության բերեցին սրանց, և այսօր գրեթե հասել են իրենց ուզածին։ Մնում է միայն կրկին հիանալ, թե ինչ կատարյալ ընտրություն է անցկացվել, և որքան ճշգրիտ են ընտրվել գլխավոր թիրախներն ու կատարողները։

Հիշեցնեմ, որ Աղաջանյանը մարտի 15-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բավական անկեղծ հայտարարություններ արեց, ըստ էության՝ խոստովանելով, որ իշխանությունները Բաքվի հետ հավանական բանակցություններում մտադիր են խոսել Արցախի կարգավիճակի մասին բացառապես Ադրբեջանի կազմում։ Անձամբ Փաշինյանի նախորդ բազմաթիվ անկեղծացումներից հետո, հենց նույն օրը «Արաբատ» Միրզոյանի (քանի՜ մականուն ունի այդ սուբյեկտը) հնչեցրած այն հայտարարությունից հետո, որ Արցախի խնդիրն իրենց համար ոչ թե տարածքային հարց է, այլ լոկ բնակչության իրավունքների, Աղաջանյանը կարծես թե ոչ մի նոր բան չասաց։ Պարզապես ամեն ինչ ուղիղ տեքստով ասելու զազրելի առաքելությունը ստանձնելու հրամանն այս անգամ տրվել էր հենց դի-ջեյ Էդոյին։

Սա Նիկոլի սիրելի հնարքներից մեկն է, որը համարում է, որ իր թիմի բոլոր անդամները պետք է յուրօրինակ տուրք վճարեն ապահով ու անհոգ կյանքի համար։ Անվտանգության խորհրդի քարտուղար Անդո Քոչարյանից, Անուշ Բեղլոյանից, Լենա Նազարյանից, Ալեն Սիմոնյանից, նորաթուխ նախագահից և այլ ուսապարկերից հետո եկավ դի-ջեյի հերթը, որը սկզբում ջանադրաբար կատարեց կեղտոտ պարտականությունների իր բաժինը, իսկ հաջորդ օրը սկսեց արդարանալ, թե իբր՝ իրեն սխալ են հասկացել։ Նույնպես ծանոթ հնարք է, այնպես չէ՞։ Իսկ նրանց պարագայում այլ կերպ չի լինում. սկզբում աղտեղություններ են ժայթքում, իսկ հետո փորձում տակից դուրս գալ՝ է՛լ ավելի խորը թաղվելով սեփական փսխուքի մեջ։

Դի-ջեյի ասածը վերլուծելն անիմաստ է. ամեն ինչ տիրաժավորված է և բոլորին հասկանալի։ Նշենք միայն մեկ տեսանկյուն։ Աղաջանյանը, ինչպեսև ավելի վաղ Նիկոլն ու մնացած բոլորը, վկայակոչում է այն, թե 1991 թվականին, ստորագրելով ԱՊՀ կազմավորման պայմանագիրը, Հայաստանն, իբր, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նույնիսկ եթե դա այդպես է (իսկ դա այդպես չէ, ինչն արդեն ապացուցված է փորձագետների կողմից), հարց է առաջանում. այսինքն 30 տարի անց «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է իրականացնե՞լ այդ կետը, «շտկե՞լ» այն, ինչը չեն արել նախորդ իշխանությունները։

Իսկ ինչո՞ւ Աղաջանյանը հարկ համարեց արդարանալ, եթե իշխանություններն արդեն ոչ միայն չեն թաքցնում Արցախն Ադրբեջանին նվիրելու իրենց մտադրությունը, այլև գործնականում հրաժարվել են մեր Հայրենիքի մի մասնիկից։ Ի՞նչը ստիպեց նրան դա անել. սոցցանցերում մեղադրանքների տարափը, թե՞ ասածից հրաժարվելու ձգտումը՝ գիտակցելով սեփական խոսքերի ողջ հրեշավորությունը։ Հուսալ, թե այդ կերպարների մեջ կարթնանա խղճի պես մի բան, անշուշտ, անիմաստ է։ Բայց այն փաստը, որ նրանք լիովին գիտակցում են իրենց պատասխանատվությունը հիրավի պատմական որոշումների համար և ահավոր վախենում դրանից, կասկածից վեր է։ Նիկոլի հիստերիաներն ու Աղաջանյանի բացահայտ նյարդայնությունը դրա առնվազն լավագույն ապացույցն են։

Ճիշտ այնպես, ինչպեսև ՊՆ-ի պահվածքը Ներքին Հանդ գյուղի մոտ տիրող իրավիճակի պարագայում։ Պարզապես աներևակայելի է. բնակչության ֆիզիկական անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունը բացահայտ ստում է իր իսկ հայրենակիցներին, պնդելով, թե ադրբեջանցիները Հայաստանի տարածքում առաջ չեն շարժվել, այլ «ընդամենը» ձմեռային ցրտերից հետո վերադարձել են «իրենց դիրքեր»։ Պաշտոնական ստի էությունը նույնքան ցինիկ է, որքան դրա նպատակը. առանց որևէ սահմանագծման ու սահմանազատման իշխանություններն ի սկզբանե համարում են, թե այդ տարածքը չի պատկանում Հայաստանին, և դրանով իսկ ենթարկում Ներքին Հանդի բնակիչներին ֆիզիկական վտանգի՝ բառի բուն իմաստով։

Այսինքն՝ սկսած նախորդ տարվա մայիսի 12-ից, երբ տեղի ունեցավ ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Նիկոլն ու իր ոհմակը արդեն ջնջել են երկրի այդ հատվածը նրա սահմաններից։ Ընդ որում՝ բնակչությունով հանդերձ։ Ուրիշ ինչպե՞ս դա հասկանալ։

Սակայն նույնիսկ այդ դեպքում հայտարարությունը բնավ անակնկալ չէր, այն աստիճան լկտիաբար է գործում ռեժիմը վերջին շրջանում։ Աննախադեպ է մեկ այլ բան. պետական կարևորագույն կառույցի սուտը մերկացրեցին նախկին օմբուդսմենը, փորձագետները, հայտնի քաղաքական գործիչներ, իսկ գլխավորը՝ տեղի աշխատակազմն ու գյուղի բնակիչները։ Ամեն ինչ հստակ ասված և ցուցադրված է քարտեզի վրա։ Բայց նախարարությունը, սուտ խոսելու և սեփական բնակչությանը միտումնավոր ապատեղեկացնելու լրջագույն մեղադրանքներին ի պահասխան՝ լռում է։

Լռում է դե ֆակտո նախարարը, որը մտադիր էլ չէ գնալ նշյալ գյուղ, տեղում ստուգել ամեն ինչ և հանդես գալ հայտարարությամբ. ապացուցողաբար հաստատել նախկինում ասվածը կամ, հակառակը, ներողություն խնդրել ստախոսության համար։ Լռում է կառավարությունը, որի էական մասն է սույն կառույցը, լռում է այդ կառավարության ղեկավարը, լռում է «նախագահը»... Բոլոր նրանք, ովքեր ըստ սահմանման և ըստ Սահմանադրության պարտավոր են ապահովել երկրի քաղաքացիների անվտանգությունը, միտումնավոր ապահովում են նրանց վտանգվածությունը։

Նորմալ մարդիկ անկարող են հասկանալ, թե ինչպես են նրանք դա անում։ Գուցե դրանց ուղեղն է ամբողջությամբ լվացած, կամ էլ խիղճը, գուցե ի սկզբանե չի էլ եղել ո՛չ ուղեղ, ո՛չ խիղճ, այլ եղել է լոկ ամեն գնով կուշտ ու հարուստ ապրելու մի անհագ ձգտում: Դիմակները վերջնականապես պատռված են, վաղուց չկա ժողովրդի հետ քաղաքական սվսվախոսություն՝ ֆեյսբուքյան «լայվերի» տեսքով, թե իբր՝ դուք բոլորդ, սիրելի հպարտ քաղաքացիներ, վարչապետ եք։ Կան լոկ մերկ ու անճոռնի «թագավորներ», որոնք հուսահատ կառչել են իշխանությանը, այդ թվում նաև այն պատճառով, որ հասկանում են իրենց արածի բոլոր հետևանքները։

Եվ կա մի անողոք ճշմարտություն. կա՛մ նրանք՝ մեզ են, կա՛մ մենք՝ նրանց։ Կա՛մ նրանք կհասնեն իրենց Հայրենիքը սիրող և ողջամիտ քաղաքացիների լիակատար արտագաղթի, որոնց համար արդեն վերջնականապես անտանելի կդառնա կյանքը նիկոլաթուրքական Հայաստանում, կա՛մ մենք կվռնդենք նրանց, կհեռացնենք մեր կյանքից՝ հայոց պետության համար սարսափելի և մահացու քաղցկեղային ուռուցքի պես։ Երրորդը տրված չէ, քանզի Հայաստանի և հակաՀայաստանի գոյակցումն անհնար է։