ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում անմաքս առցանց առևտրի շեմի 5 անգամ բարձրացմանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հինգշաբթի օրը հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից անմաքս առցանց գնվող ապրանքների ներմուծման մաքսատուրքերի շեմի 200 եվրոյից բարձրացմանը մինչև 1000 եվրո, հայտնում է «ԻՆտերֆաքսը»։
Սահմանաչափը կավելացվի ժամանակավոր հիմունքներով՝ մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը, ճեպազրույցում ասել է ԵՏՀ նախագահի օգնական Իյա Մալկինան։ Այն կտարածվի փոստով կամ փոխադրողով առաքվող ապրանքների վրա։ Եթե ծանրոցի արժեքը գերազանցում է այդ գումարը կամ դրա քաշը կազմում է 31 կգ, ապա հարկ կլինի վճարել պատվերի արժեքի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ-ի համար, հիշեցրել են ԵՏՀ-ում։
«Այս միջոցը կօգնի աջակցել քաղաքացիներին, ովքեր անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում օտարերկրյա առցանց խանութներում, և խուսափել ապրանքների պակասից»,- ասել է Մալկինան:
Անմաքս առցանց գնումների սահմանաչափը բարձրացնելու մտադրության մասին երեքշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Միջոցառումը ներառված է մարտի 15-ի արտաքին պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսության զարգացումն ապահովելու առաջնահերթ գործողությունների պլանում։
Ինչպես պարզաբանել են ֆինանսների նախարարությունում, դա կնվազեցնի որոշակի կատեգորիաների ապրանքների պակասը, որոնք կապված են սովորական լոգիստիկ մատակարարման շղթաների խախտումների հետ՝ պատժամիջոցների ճնշման պայմաններում:
Մինչ այժմ ԵԱՏՄ-ում ֆիզիկական անձանց համար ինտերնետ-առևտրի ապրանքների անմաքս ներմուծման շեմը 200 եվրո էր։ Այն ներդրվել է 2020թ․ հունվարի 1-ից (մինչ այդ շեմը 2019-ի ընթացքում 500 եվրո է կազմել, իսկ մինչև 2019թ․՝ 1000 եվրո)։
Դեռևս 2019թ․ ռուսական կողմն առաջարկել էր ավելի ինտենսիվ նվազեցնել անմաքս ներմուծման սահմանաչափը՝ 2020թ․ հուլիսի 1-ից մեկ միջազգային առաքման համար մինչև 100 եվրո, 2021թ․ հունվարի 1-ից՝ մինչև 50 եվրո և 2022թ․ հունվարի 1-ից՝ մինչև 20 եվրո։ Այս դիրքորոշումը բացատրվում էր նրանով, որ էլեկտրոնային առևտրի միջոցով ներմուծվող ապրանքները ոչ մրցակցային պայմաններ են ստեղծում, տեղեկացնում է News.am-ը։