ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփանակերտում կայացած միջազգային գիտաժողովի մասնակիցների հայտարարությունը

Մենք՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցած «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովի գիտնականներս, հանդես գալով միասնական հայտարարությամբ, նպատակ ունենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետությունում և Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակին:

Հայտարարությամբ արձանագրում ենք, որ

-2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության թիրախավորմամբ և ոչնչացմամբ, Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթմամբ:

-2020 թ. նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած Եռակողմ պայմանավորվածությունից և Արցախի Հանարապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո Ադրբեջանը չի հրաժարվել պետական մակարդակով խրախուսվող անպատժելի մնացած հայատյաց ահաբեկչական քաղաքականությունից, որի նպատակներից մեկն էլ ՌԴ խաղաղապահ առաքելության վարկանիշին հարվածելը և դուրս մղելն է:

-Ադրբեջանը շարունակում է ուժ կիրառել՝ թիրախավորելով շփման գծի մերձակայքի հայկական խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական բնակչությանը: Նախկինում փոքր տրամաչափի զինատեսակներով կրակոցներին վերջին շրջանում հաջորդել են խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը, մասնավորապես՝ ականանետային հարվածները: Նման գործելակերպի հետևանք են խաղաղ բնակիչների շրջանում ահաբեկման, սպանության և վիրավորման դեպքերը: Համատարած խախտումներ են արձանագրվել Արցախում ապրող մարդկանց իրավունքների հարցում։

-Ադրբեջանը չի խորշում նաև հումանիտար ճգնաժամ ստեղծելու գործելակերպից. վերջին օրերին ՀՀ-ից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի վթարի վերականգնումը խոչընդոտվում է ադրբեջանական կողմից:

-Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ գործադրում է հոգեբանական ահաբեկչություն, մասնավորապես` շփման գծի մերձակա խաղաղ բնակավայրերի բնակչությանը պարբերաբար բարձրախոսներով կոչ է արվում անհապաղ լքել բնակավայրերը:

-Շարունակվում է Ադրբեջանի տեղեկատվական ահաբեկչությունը, որն արտահայտվում է հայկական տեղեկատվական կայքերի և սոցցանցային էջերի նկատմամբ ցանցահենային (հաքերային) հարձակումներով: Միաժամանակ Ադրբեջանի տեղեկատվական դաշտը շարունակում է մնալ հայատյացության քարոզչության դրսևորման գլխավոր հարթակ:

-Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում պետական մակարդակով ամրագրված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում:

Ադրբեջանը որևէ կերպ չի հրաժարվել հայատյացության քաղաքականության տեսական և գործնական դրսևորումներից: Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող գործողությունները նպատակաուղղված են Արցախի Հանրապետության հայաթափմանը, առաջին իսկ հնարավորության դեպքում` նաև էթնիկ բնաջնջմանը:

Հաշվի առնելով ստեղծված իրողությունները՝ մենք՝ գիտական հանրույթի ներկայացուցիչներս, դիմում ենք միջազգային հանրությանը, կիրառելու բոլոր հնարավոր լծակները, Ադրբեջանի պետական ահաբեկչական քաղաքականությունը զսպելու նպատակով: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը վերագործարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն իրենց իսկ կողմից ընդունված սկզբունքների հիմքով: Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Մեսրոպ Մաշտոց համալսարանը,

Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, 12 մարտի, 2022թ.