2018թ. ՄԱՐՏԻ 31-ԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԱՅԼՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՎՐԱՅՈՎ

«Իմ քայլը» շարժումը վաղուց արդիական չէ

2018թ. մարտի 31-ին Փաշինյանը՝ համախոհների սակավաթիվ խմբով, դուրս եկավ Գյումրիից, անվանելով ոտքով զբոսանքը «Իմ քայլը» շարժում։ Ապրիլի 13-ին շարժման մասնակիցները հասան Երևան և հանրահավաք անցկացրեցին մի քանի գաճաճ կուսակցությունների մասնակցությամբ։ Այդ գործողությունների միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցան երկու նշանակալի իրադարձություն, որոնց վրա էր սևեռված քաղաքական ուժերի և հասարակայնության ողջ ուշադրությունը. ապրիլի 9-ին կայացավ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ ապրիլի 11-ին ՀՀԿ-ն հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը: Ապրիլի 13-ին Փաշինյանի հանրահավաքը սակավաթիվ էր։

Ապրիլի 16-ին սկսվեցին Նիկոլի կողմնակիցների ընդհարումները ոստիկանության հետ, որոնք գրավեցին հանրության ուշադրությունը։ Նույն օրը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այդ պաշտոնից նրա հրաժարականին մնում էր մեկ շաբաթ։ Հայ հասարակության ներսում ճակատագրական վերափոխումները նախապատրաստվում էին շատ վաղուց, դրանց իրագործումը սկսվեց մի իրադարձությունից, որին ոչ ոք առանձնակի ուշադրություն չդարձրեց. մարտի 31-ին Նիկոլը մի խումբ համախոհների հետ դուրս եկավ Գյումրիից... Այն, որ գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի նպատակը Արցախի հարցը լուծելն էր, պարզ դարձավ ավելի ուշ. սկզբում բոլորը հայտարարեցին, թե իշխանափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել արտաքին ուժերի ազդեցության շրջանցումով, և իբր՝ դա զուտ հայկական երևույթ է։ Կարծում եմ ՝ Պետդեպարտամենտին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ուղարկած զեկույցում նշված են եղել այդ ազդեցության կոնկրետ փաստերը

«Իմ քայլը» շարժումը վաղուց ի վեր արդիական չէ, իսկ դրա գլխավոր կարգախոսը փոխարկվել է «Քայլ արա, մերժի՛ր Նիկոլին» կոչի։

Փաշինյանը մի կողմ դրեց հիմնարար սկզբունքները

Դեռ չի բոլորել ռեժիմի իշխանավարման առաջին կլոր տարեթիվը, իսկ պարագլուխն արդեն սկսել է վերաշարադրել պատմությունը։ Փաշինյանը դա անում է ամեն հարմար ու ոչ այնքան հարմար առիթով։

Նրան հարց են տալիս, թե ինչպես է կառավարությունը մտադիր լրացնել հացահատիկի պակասուրդը՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Արցախի հանրապետության տարածքի 75%-ի կորուստը, իսկ նա ի պատասխան խոսում է Մադրիդյան սկզբունքների մասին, թե իբր՝ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցություններ են վարել 7 շրջանների հանձնման շուրջ: Նա անդադար կրկնում է այն ողորմելի թեզը, թե իրենից առաջ ինչ-որ մեկը քննարկել է Մադրիդյան սկզբունքները։ Նման դեպքերում լուսահոգի Կարեն Դեմիրճյանը հարցը դնում էր շեշտակի. «Հետո՞ ինչ»։

Ասենք թե ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ ինչ-որ գաղափարներ ու սկզբունքներ է քննարկել ինչ-որ մեկի հետ։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ կա միայն 3 ստորագրություն՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի։ Ի՞նչ տարբերություն, թե ինչ են քննարկել Հայաստանի նախկին ղեկավարները, եթե կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրել է Նիկոլը։

Իշխող ռեժիմի պարագլուխը փորձում է դավաճանի պիտակ փակցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա։ Սյունիքի մարզ կատարած այցից ի վեր նա մշտապես հակադարձում է իրեն հասցեագրված մեղադրանքներին «Կապիտուլյանտը դո՛ւք եք։ Ինքնե՛րդ եք դավաճան» արտահայտությամբ։ Այդ խոսքերը հնչում են նաև խորհրդարանի ամբիոնից՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հասցեին։ Եթե վաղը Փաշինյանն այդ մեղադրանքը հնչեցնի ՄԱԿ-ի ամբիոնից, դրանից խնդրի էությունը չի փոխվի։

Փաստաթուղթը կոչվում է «Մադրիդյան սկզբունքներ», քանի որ դրանում ամրագրված են կարգավորման լոկ սկզբունքները, այլ ոչ թե վերջնական տարբերակը։ Այդ փաստաթուղթը Հայաստանն ընդունել է որոշակի վերապահումներով, դրանց մասին գրվել ու խոսվել է տարիներ շարունակ։ Հիմնարար սկզբունքները երեքն էին. ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում։ Նստելով վարչապետի աթոռին՝ Փաշինյանը մի կողմ դրեց դրանք և ազդարարեց բանակցությունների մեկնարկ «սեփական կետից»։ Ի՞նչ դժգոհություններ կարող են լինել Հայաստանի նախկին ղեկավարների նկատմամբ, որոնց բանակցային փորձը նա հրապարակավ մերժեց։ Բանակցությունները «իր կետից» սկսելու մասին ազդարարելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե չի կարող բանակցություններ վարել Արցախի անունից։ Հետո արտաբերեց հայտնի արտահայտությունը, թե վերջնական լուծումը «պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Այդ արտահայտությունից հետո Ստեփանակերտի հանրահավաքի ամբիոնից նա գոչեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», այնուհետ ասաց խորհրդարանի ամբիոնից. «Ինչի մասին է որ պետք, էն էլ բանակցում ենք», իսկ Արցախի Հանրապետության դեմ թուրք- ադրբեջանական ագրեսիայի սկսվելուց անմիջապես հետո ուղիղ եթերում հարբած մենախոսություն արտասանեց՝ ի խրատ նրանց, ովքեր իրենց թույլ կտան կասկածի տակ առնել գերագույն գլխավոր հրամանատարի իր հմտությունները

Գուցե պատճառը աստղաբաշխական գումա՞րն է

Այդ հակասական հայտարարություններով թող զբաղվեն հոգեբույժները, իսկ մեր գործը փաստերն են։ Իսկ փաստերը խոսում են Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնման, Հայաստանի տարածքի 42 քառ.կմ-ի բռնազավթման, հազարավոր զոհերի, Հայաստանի սուբյեկտայնության կորստի մասին։ Թող ինչքան ասես վերաշարադրի պատմությունը, բայց մենք հո հիշում ենք 20-րդ դարում Ալիև ավագի ասած խոսքերն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի համար կորսված է անդառնալիորեն, իսկ 21-րդ դարում՝ Ալիև կրտսերի այն խոսքերը, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄԸ, ԲԱՌԻ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ, ՓՈԽԵՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ: Եթե անգամ մադրիդյան փաստաթուղթը ենթադրում էր 7 շրջանների հանձնում, ապա ինչո՞ւ Փաշինյանը հանձնեց 9-ը։ Նրա նախորդները չհանձնեցին այն, ինչ քննարկում էին. ինչո՞ւ ինքն էլ չհետևեց նրանց օրինակին։

Գուցե պատճառը Արթուր Վանեցյանի միջոցով փոխանցված երկտողում նշված աստղաբաշխական գումա՞րն է։ Հարցը մնում է բաց։ Եթե Փաշինյանը չի քննարկել Մադրիդյան սկզբունքները, ապա կոնկրետ ի՞նչ է քննարկել և ինչո՞ւ էր ստում, թե բանակցություններ չեն ընթանում, մինչև որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցությունների սեղանին կարգավորման փուլային տարբերակն է։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարում էին բանակցություններ, որոնց անկյունաքարը Արցախի կարգավիճակն էր, երկրորդ և երրորդ նախագահները բանակցում էին ոչ թե տարածքների հանձնման, այլ Արցախի Հանրապետության կարգավիճակի միջազգային ճանաչման շուրջ: Ինչո՞ւ Փաշինյանը հայտարարեց բանակցությունները «իր կետից» սկսելու որոշման մասին։ Պատասխանը պարզ է՝ «Գուդոկ» թերթի պես. նրան չէր գոհացնում նախորդների օրակարգը, որը չէր համընկնում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ իր սրտալի զրույցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։

Հենց այդ պայմանավորվածությունները հանգեցրին նրան, որ բացի այն շրջաններից, որոնք հանձնվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, Փաշինյանը առանց գեթ մեկ կրակոցի հանձնեց նաև Ակնայի, Քարվաճառի, Բերձորի շրջանները, որոնք կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրման պահին գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Հայ զինվորները 44 օր շարունակ պահել էին դրանք սեփական արյան գնով։ Ո՞ւր է Թալիշը, ո՞ւր է Դադիվանքը, ո՞ւր են Մարտակերտի 8 գյուղերը և Ասկերանի նույնաքանակ բնակավայրերը, ո՞ւր են Հին Թաղերն ու Խծաբերդը, որոնք հիշատակված չէին եռակողմ հայտարարության մեջ: Իսկ հիմա նա գոռում է, թե տարածքներ չի հանձնել։ Նա ժողովրդից գողացավ Հաղթանակները, Հերոսներին, Հայրենիքը, այսօր փորձում է գողանալ Հիշողությունը։ 2018թ. մարտի 31-ին Փաշինյանը, համախոհների սակավաթիվ խմբով, դուրս եկավ Գյումրիից…

4 տարի շարունակ նա քայլում է արյան վրայով, այնքան աղետներ ու կորուստներ է «քայլափոխ» արել, որ կբավականացներ մի ամբողջ հարյուրամյակի։ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված այդ արյունոտ արշավը պետք էր կասեցնել դեռ երեկ. վաղը կարող է ուշ լինել…