ՊԱՐԳԵՎ՝ ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ... ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ռեժիմը դեմ է օրինականորեն ընտրված տեղական իշխանությանը
«Լուսավոր Հայաստան»-ը իսկական ռեկորդակիր է իշխող ուժին կադրեր մատակարարելու գործում։ Այդ կուսակցությունից «Քաղաքացիական պայմանագիր» են չվել գրեթե բոլորը, ովքեր կանգնած են եղել դրա ստեղծման ակունքներում։
Մենք բազմիցս հրապարակել ենք փախստակների երկար ցուցակը, ուստի չենք կրկնի, միայն նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը նույնպես վերջապես հասավ իր քաղաքական երթուղու վերջնակետին։ Մարուքյանը հասավ իր նվիրական նպատակին. Փաշինյանի ձեռքից ստացավ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը՝ որպես պարգև համբերատարության և... դավաճանության համար։
Նախորդ գումարման խորհրդարանի լիագումար նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից Մարուքյանի ցուցադրական ծեծից հետո շատերը կարծում էին, թե Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան»-ի միջև բոլոր կամուրջները վերջնականապես այրված են, սակայն ցուցադրական հաշվեհարդարը լոկ ուժգնացրեց Նիկոլին ծառայելու Մարուքյանի փորձերը…
Մենք բազմիցս տեղեկացրել ենք մեր լսարանին, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի պահանջը և չի լքել համայնքի ղեկավարի պաշտոնը նախքան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մեկնարկը: Փաշինյանը փափագում էր պաշտոնակատարի կարգավիճակով քաղաքապետ նշանակել իր մարդուն, որպեսզի նա կարողանա ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը դեկտեմբերի 5-ի ընտրություններում։ Բազմիցս տեղեկացրել ենք մեր ընթերցողներին, թե ինչ միջոցներով էր մարզպետ Խաչատրյանը հասնում դրված նպատակներին։ Օրինակ, Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկեցին հենց մարզպետարանի շենքում, անմիջապես այն բանից հետո, երբ նա դուրս եկավ Խաչատրյանի աշխատասենյակից՝ մերժելով հրաժարական ներկայացնելու նրա պահանջը։ Ոստիկանությունը կարճեց գործը։
Ասլանյանը ոչ միայն մերժեց հրաժարական տալու պահանջը, այլև գլխավորեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որը հաղթեց դեկտեմբերի 5-ի ընտրություններում: Դրա համար նա կալանավորվեց շինծու մեղադրանքով, որում խոսքը նախորդ տարիների իրադարձությունների մասին է։ Ռեժիմն առ այսօր ամեն ջանք գործադրում է, որպեսզի Վանաձորում չլինի օրինականորեն ընտրված իշխանություն։ Այդ առումով Փաշինյանին առանձնահատուկ ծառայություն մատուցեց Մարուքյանի կուսակցությունը։ Դրա առաջնորդը դատարան դիմեց անմիջապես այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին օրինականորեն ընտրված ավագանին դեկտեմբերի 24-ին անցկացրեց առաջին նիստը։ Մարուքյանի կուսակցությունը չէր հաղթահարել անցողիկ շեմը, այլ կերպ ասած՝ վանաձորցիները մերժել էին նրան, և այդ պատճառով կուսակցությունը դիմեց Վարչական դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով, սակայն դատարանը մերժեց այդ հայցը, որից հետո կուսակցությունը դիմեց Վերաքննիչ դատարան և հունվարի 11-ին ստացավ երկրորդ մերժումը։ Այնուհետ կուսակցությունը դիմեց Վճռաբեկ դատարան։ Մարուքյանն արեց ամեն ինչ, որպեսզի համայնքի օրինականորեն ընտրված խորհուրդը զրկվի ղեկավար ընտրելու իրավունքից։
Առաջին «հատուկ հանձնարարությունը»
Այն մասին, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը գործել է ոչ այլ կերպ, քան Փաշինյանի անմիջական հրահանգով, վկայում է այն փաստը, որ համայնքի ղեկավար ընտրելու արգելանքի հարցով դատարանի նիստը նշանակված է հուլիսի 20-ին: Մինչ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում Մարուքյանի նշանակումը դեռ կարող էին ինչ-որ կասկածներ լինել, բայց այսօր արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի կողմից Մարուքյանին տրված առաջին «հատուկ հանձնարարությունը» հարձակումն էր Վանաձոր համայնքի օրինականորեն ընտրված ավագանու վրա։
Մեկ անգամ եվս պարզաբանեմ. չնայած Վարչական դատարանը մերժել է դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը, այդուհանդերձ արգելք կա ավագանու նիստ անցկացնել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով: Արգելքը պայմանավորված է նրանով, որ Մարուքյանի կուսակցությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները։ Ակնհայտ է, որ ավագանու անդամների մեծամասնությունը «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ներկայացուցիչներն են, և նրանք կողմ կքվեարկեն համայնքի ղեկավարի պաշտոնում նախկին քաղաքապետի ընտրվելուն։ Այդ իսկ պատճառով Մարուքյանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը, որպեսզի ռեժիմին հնարավորություն տա շինծու գործով դատապարտել և բանտ նետել Ասլանյանին։
Մենք բազմիցս մատնանշել ենք, որ ռեժիմի համար անցանկալի համայնքապետերի (Մամիկոն Ասլանյան, Արա Մկրտչյան, Հարություն Մանուչարյան և այլք) դեմ հարուցված բոլոր գործերը սարքած են ասես նույն կաղապարով. պաշտոնեական լիազորությունների չարաշահում, հողակտորների ապօրինի վաճառք ու վարձակալություն և այլն։ Ռեժիմը ձգտում է փակել Ասլանյանին ճաղերի հետևում, իսկ հետո լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում, համաձայն որի՝ ընտրված այն համայնքապետերը, որոնք դատարանի որոշմամբ ազատազրկվել են, այդ իսկ պատճառով չեն կարող կատարել իրենց պարտականությունները, պետք է փոխարինվեն։ Նրանց կփոխարինեն նշանակված ղեկավարները, որոնց կնշանակի գործադիր իշխանությունը։ Այս հավելումը հորինել են Ասլանյանի և Առուշ Առուշանյանի համար։
Հուլիսի 20-ին նշանակված դատական նիստը կարող է ձգվել տարիներ, ռեժիմին չի մտահոգում, որ ավագանու անգործությունն արդեն հանգեցրել է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ աղբահանության հարցում։ Վանաձորի բնակիչներից բազմաթիվ բողոքներ են ստացվել, սակայն դրանք բոլորը մնում են անպատասխան։ Փաշինյանը, Լոռվա մարզպետ Խաչատրյանն ու դեսպան Մարուքյանը անում են ամեն ինչ, որպեսզի խանգարեն օրինականորեն ընտրված ավագանու նորմալ գործունեությանը։ Ուշագրավ է, որ Մարուքյանի կուսակցությունը հայտարարում է մեծությամբ երրորդ համայնքում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ շատ լավ իմանալով, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններն անցել են առանց օրինախախտման։ Մարուքյանին հայտնի է նաև, որ նոր ընտրություններն իր կուսակցությանը կբերեն նույն այն խայտառակ արդյունքին, որն արձանագրվել է դեկտեմբերի 5-ի քվեարկությամբ։
Կառուցողական քննադատությամբ
Մինչև հուլիսի 20-ը, կրկնեմ, կգործի ավագանու նիստեր անցկացնելու արգելանքը, բացառված չէ, որ այդ արգելքը նույնիսկ ավելի երկար ձգվի, նոր ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։ Դեկտեմբերի 24-ին ավագանին անցկացրել է առաջին նիստը։
ԱՄԵՆ ԻՆՉ ՕՐԻՆԱԿԱՆ Է, ԲԱՑԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԻՑ։ Վանաձորի ավագանու նախորդ ընտրությունները նույնպես անցկացվել են կուսակցական ցուցակներով, այն ժամանակ ընդդիմությունը համախմբվել էր Էդմոնի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի շուրջ, սակայն ավագանու ներսում Ասլանյանին հաջողվեց իր կողմը թեքել մարզի բնակիչներ հանդիսացող ՕԵԿ-ականներին։ Ավագանու ներսում «Օրինաց երկրի» դավաճանության շնորհիվ Ասլանյանը ընտրվեց քաղաքապետ։ Մարուքյանը վրեժ է լուծում Ասլանյանից այն բանի համար, որ իր եղբայրը չդարձավ Վանաձորի քաղաքապետ, իսկ Փաշինյանը վրեժ է լուծում հրաժարական տալուց և քաղաքապետի աթոռը իշխող կուսակցությանը զիջելուց հրաժարվելու համար։
«Լուսավոր Հայաստան»-ը պարտվեց հունիսի 20-ի ընտրություններում, որից հետո Մարուքյանը հանդես եկավ ծիծաղելի պատճառաբանությամբ, թե իբր՝ ընդդիմությունը կարող էր հաղթել ընտրություններում, եթե չլիներ երկրորդ և երրորդ նախագահների մասնակցությունը։ Ընդդիմություն ասելով՝ Մարուքյանը նկատի ուներ իր սեփական սիրելի անձը։ Թե ինչպիսի «ընդդիմություն» է նա, քաղաքականացված հասարակությունը համոզվեց կոնկրետ օրինակով. Մարուքյանը վերջապես պորտֆել ստացավ Փաշինյանի ձեռքից, իսկ նրա կուսակցությունը կրկնեց ՕԵԿ-ի ուղին. այն առումով, որ հասավ խայտառակության ծայրահեղ կետին։ Փոխարենը՝ Գևորգ Գորգիսյանը և Անի Սամսոնյանը ելումուտ ստացան Հանրային հեռուստաալիք և Ծառուկյանի ալիք, որտեղ մասնակցում են բանավեճերի՝ հանդես գալով... կառուցողական քննադատության դիրքերից։