Պուտինն ու Մակրոնն քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը նշել է հնարավոր պայմանավորվածությունների մշակման սկզբունքային մոտեցումները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքը։ Այս համատեքստում նշվել են պայմանավորվածությունների մշակման սկզբունքային մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Արձագանքելով Էմանուել Մակրոնի արտահայտած մտահոգություններին՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում զինված ուժերն անում են հնարավոր ամեն բան՝ փրկելու խաղաղ բնակիչների կյանքը, այդ թվում՝ կազմակերպելով հումանիտար միջանցքներ նրանց անվտանգ տարհանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ուշադրություն է դարձվել ուկրաինացի ուժայինների և ազգայնականների կողմից ամեն օր իրականացվող բազմաթիվ ռազմական հանցագործություններին, մասնավորապես, Դոնբասի քաղաքների հրթիռակոծությանն ու հրետակոծությանը»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաջնորդները պայմանավորվել են կապի մեջ մնալ։
Ինչպես հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին, Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցում ծայրահեղ անհանգստություն է հայտնել Մարիուպոլում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կրկին պահանջել անհապաղ դադարեցնել կրակը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տևել է 1 ժամ 10 րոպե, տեղեկացնում է News.am-ը։