«Հրապարակ». ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կազմում առաջիկայում հնարավոր են կադրային փոփոխություններ։ Հիշեցնենք, որ նախ Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո թափուր նախարարական պորտֆել կա՝ բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։

Մեր տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվելու անհագ ցանկություն է դրսևորել առողջապահության նախկին նախարար, ներկայում ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով առաջ է մղում իր թեկնածությունը։ Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը կադրային փոխատեղումներով մտադիր է նոր շունչ հաղորդել իր ղեկավարած կաբինետին։ Քննարկվում է արտակարգ իրավիճակների նախարարի փոփոխությունը։ Այդ մասին, իհարկե, վաղուց կային քննարկումներ, և ԱԻ փոխնախարար Արմեն Փափուխչյանը հենց այդ նպատակի համար էլ ժամանակին նշանակվեց այստեղ։ Հիմա կարծես մոտեցել է այդ ծրագրի իրականացման պահը։

Խոսվում է նաև էկոնոմիկայի նախարարի՝ Վահան Քերոբյանի հեռանալու մասին, որն օր չկա, որ սկանդալի մեջ չհայտնվի։ Անցած շաբաթ էլ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստին ներկայացել էր ոչ այնքան ադեկվատ վիճակում, և ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանին բողոքել են Քերոբյանի պահվածքից, անպատրաստ վիճակից։ Չի բացառվում նաև, որ պաշտոնին հրաժեշտ տա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը»:

News.am