Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՄԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Հայ-ռուսական համագործակցության ռելսերը պետք է գերիշխող լինեն մեզ համար, մնացած բոլոր ռելսերը մեզ համար պետք է լինեն ուղեկցող։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» համաժողովի մեկնարկից առաջ ասաց ՀՀԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Պատասխանելով աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումների հետ կապված հնարավոր փոփոխությունների մասին հարցին՝ նա նշեց, որ չի բացառվում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​կազմում վերանայումներ լինեն, հնարավոր է՝ փոփոխություններ լինեն ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում:

«Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի կազմը ևս կվերանայվի։ Մի շարք պետություններ կվերանայեն իրենց ռազմական բաղադրիչը։ Բնականաբար, միաբևեռ աշխարհ այլևս չի լինի, և կգործի բազմաբևեռ աշխարհի տրամաբանությունը, և կընդգծվի Չինաստանի դերի կարևորությունը։ Մեր տարածաշրջանում էլ ավելի կսրվի Թուրքիայի և Իրանի մրցակցությունը։ և այս ամենը այս կամ այն ​​չափով վերաբերում է նաև մեզ»,- նկատեց քաղաքական գործիչը։

«Հիմա, ինչպես ասում են, իբր քիչ էին խնդիրներն աշխարհում, մեր իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են։ Այսինքն՝ մենք վատագույն պատմական ժամանաշրջան են ապրում, և այս ամենից պետք է լրջագույն հետևություններ անել։ Մենք չենք կարող փոխել աշխարհը, չենք կարող փոխել աշխարհակարգը և այն մեզ հարմարեցնել, բայց առնվազն պարտավոր ենք եղածը կարգի բերել, որպեսզի պատրաստ լինենք ցանկացած զարգացման՝ ե՛ւ դեպի վատը, ե՛ւ դեպի լավը»,- ասաց Զաքարյանը։

Քաղաքական գործիչը Հայաստանի համար ստեղծված իրավիճակից ելքն իշխանափոխությունն է համարում:

«Փոխել իշխանությունն այսօր, եթե հնարավոր չէ, ապա՝ վաղը, եթե հնարավոր չէ, ապա՝ հաջորդ օրը, և դա՝ բառիս բուն իմաստով, այսինքն՝ վաղուց պետք է փոխած լինեինք»,- ընդգծեց նա։

«Նրանք որևէ կապ չունեն նոր աշխարհակարգի, հետպատերազմյան Հայաստանի նոր լրջագույն խնդիրների հետ։ Հակառակը, նրանք ավելի են սրում ու վատացնում մեր պետության վիճակը»,- ​​ասաց Արտակ Զաքարյանը։

Երկրի իշխանությունների սխալ քաղաքականության ռիսկերի թվում նա նշեց պատերազմը, վտարանդի մնալու, թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից մերժված լինելու վտանգը, տնտեսական զարգացման հնարավորությունների կորուստը, պարենային անվտանգության հարցերում «վերջին վագոնում» և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրերի երրորդ կամ չորրորդ երկրների ցանկում հայտնվելը։

«Ռիսկերը, որ մենք կարող ենք նաև ընդհանրապես դուրս մնալ հաղորդակցական որևէ հարցից: Իսկ ամենակարևոր և գլխավոր ռիսկն այն է, որ մենք Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը և մեր բոլոր ռազմաքաղաքական բալանսներն իրականացրել ենք միջազգային համագործակցության շրջանակներում, հատկապես՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ ակտիվ երկկողմ հարաբերությունների միոջոցով, հատկապես տարածաշրջանում մեր վճռորոշ դերի միջոցով, և այդ ամենն այսօր չկա։ Այսինքն՝ Հայաստանն այս պահին իր անվտանգության խնդիրը չի լուծել։ Մենք նույնիսկ չունենք փոխված ազգային անվտանգության հայեցակարգ, և ոչ ոք դրա մասին չի մտածում»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

«Հայ-ռուսական համագործակցության ռելսերը մեզ համար պետք է ուղղորդող լինեն, մնացած բոլոր ռելսերը պետք է ուղեկցող լինեն»,- հավելեց նա։

«Այսինքն՝ մենք այն պետությունն ենք, որը չի կարող միավեկտոր ընթացքի մեջ լինել։ և մենք պետք է հասկանանք նաև մի շատ կարևոր բան՝ լինել Ռուսաստանի գործընկերներ, ոչ թե վասալներ։ Ուստի գործընկերն այն է, ում ինչ-որ փուլերում օգտակար ես լինում, իսկ որոշ փուլերում նաէ օգտակար լինում քեզ»,- հավելեց քաղաքական գործիչը։

News.am