ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔՆԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՂԵՐԸ. ԶԵԼԵՆՍԿԻՆ «ՀԱՂԹՈՒՄ Է»

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում արդեն շուրջ հարյուր բնակավայր անցել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ուժերի վերահսկողության տակ: Ռուսաստանի զինված ուժերի աջակցությամբ, բնականաբար։ Ոչնչացված են մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Չենք խոսում արդեն Ուկրաինայի զինված ուժերի, տարածքային պաշտպանության ստորաբաժանումների, մասնավոր ռազմական ընկերությունների մարդկային կորուստների մասին։

Կորցնելով վերահսկողությունը հերթական բնակավայրի նկատմամբ, Զելենսկին շարունակում է պնդել, թե Ուկրաինան հաղթում է պատերազմում։ Իհարկե, նա իրավունք ունի ասել՝ ինչ կամենա։ Հայաստանում մենք այդ ամենը անցել ենք. և՛ «հաղթում ենք» պնդումը, և՛ հավաստիացումները թշնամու տասնյակ հազարավոր կորուստների, խոցված հարյուրավոր տանկերի, ինքնաթիռների մասին և այլն։

Երկրի ղեկավար լինելը միայն իրավունքներն ու արտոնությունները չեն։ Դա առաջին հերթին պատասխանատու որոշումներ կայացնելու խիզախությունն է, եթե խամաճիկ չես։ Ուկրաինայում ռազմական գործողությունների յուրաքանչյուր նոր շաբաթը մարդկային, տարածքային, ռազմական և նյութական նոր կորուստներ է բերում այդ երկրին։ Առանց իրադարձությունների ընթացքը փոխելու հեռանկարի։

Այո, Ռուսաստանի ԶՈՒ-ի, ԴԺՀ և ԼԺՀ զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման տեմպերը դանդաղում են։ Դա տրամաբանական է, եթե հաշվի առնենք Ուկրաինայի մասշտաբները, նրա զինված ուժերի թվաքանակը։ Ինչպես նաև այն շրջանակները, որոնք չհատելով են ձգտում լուծել իրենց առջև դրված խնդիրները Ռուսաստանի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զինված ուժերը. նվազագույնի հասցնել կորուստները խաղաղ բնակչության շրջանում, նվազագույնի հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների փլուզումը։

Սա Բելգրադի ռմբակոծությունը չէ, որը 2 հազար կյանք խլեց, և ոչ էլ Իրաքի զավթումը՝ հարյուր հազարավոր մարդկանց կյանքի գնով։ Սա միանգամայն այլ ռազմարշավ է։ Լուժնիկիում կայացած հանրահավաքում Վլադիմիր Պուտինը մեջբերեց Սուրբ Գիրքը. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր ընկերոջ համար»։ Ուստի, այո, Ուկրաինայի տարածքում խորանալուն զուգընթաց՝ առաջխաղացման տեմպերը կարող են դանդաղել։

Բայց ի՞նչն է ավելի կարևոր Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահի համար. այն, որ Ռուսաստանի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման տեմպերը դանդաղում են, թե՞ որ իր երկրի կորուստներն աճում են: Վաղ թե ուշ Զելենսկին ստիպված է լինելու խաղաղություն կնքել։ Վաղ թե ուշ Ռուսաստանի պայմանների մեծ մասը, եթե ոչ բոլորը, այս կամ այն ձևով ընդունվելու են Կիևի կողմից։ «Վաղ»-ի և «ուշ»-ի միջև տարբերությունը մեկն է. ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայի կորուստների մասշտաբը պատերազմում, որի ելքը կանխորոշված է

Այո, հնարավոր է, որ եթե Զելենսկին դադարեցնի պատերազմը հիմա, երբ Արևմուտքը ակտիվացրել է զենքի մատակարարումներն Ուկրաինա, նրան դա չեն ների։ Եվ Զելենսկուն արիություն ներշնչելու համար նրան հոտնկայս ծափահարում են ԱՄՆ-ի և Գերմանիայի խորհրդարանականները։ Չէ՞ որ, ինչպես կատակում են ցինիկները, Լոնդոնը մտադիր է կռվել Մոսկվայի դեմ մինչև վերջին ուկրաինացին։ Այո, հավանաբար Վաշինգտոնում, Վարշավայում և Լոնդոնում Զելենսկուն այսօր չեն ների խաղաղության կնքումը, այսօր, երբ ուկրաինացիները դեռ շատ են։ Չեն ների, և այդժամ նա կարող է զրկվել իշխանությունից, իսկ գուցեև ստիպված լինել փախչել երկրից....

ԲԱՅՑ Ե՞ՐԲ Է ՆԱ ՄՏԱԴԻՐ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ։ Երբ այլևս չի՞ վերահսկի իր երկրի տարածքի կեսը։ Երբ հարկ կլինի համաձայնել խաղաղության ավելի նվաստացուցիչ պայմանների, քան նրանք, որոնք առաջարկվում են այսօ՞ր։

Գուցեև այդ դեպքում նա պահպանի իշխանությունը և նույնիսկ ելույթ ունենա նաև անգլիացի լորդերի առջև։ Այդժամ բոլորը գոհ կլինեն նրանից. Մոսկվան կխստացնի պահանջները, իսկ Արևմուտքը նոր «փաստարկներ» կստանա, որպեսզի շարունակի հրեշի կերպարանքով պատկերել Ռուսաստանին իր զանգվածային լրատվամիջոցներում։

Բայց Ուկրաինայի ժողովուրդը վաղ թե ուշ կհարցնի Զելենսկուն. եթե դու այսպես թե այնպես, բայց ընդունեցիր Մոսկվայի մոտեցումները, ապա ինչո՞ւ ավելի շուտ չդադարեցրիր պատերազմը։ Ինչո՞ւ զոհաբերեցիր հազարավոր երիտասարդ ուկրաինացիների կյանքը: Ինչո՞ւ, ի վերջո, հասցրեցիր իրավիճակը կործանարար պատերազմի։ Ինչո՞ւ որոշեցիր չկատարել Մինսկի համաձայնագրերը, որոնց իրագործումը ավելի քիչ կորուստներ կպատճառեր Ուկրաինային։ Միայն այն բանի համար, որ Լոնդոնում կամ Վաշինգտոնում ինչ-որ տեղ գոհ լինեն քեզանից, դու զոհաբերեցիր երկիրդ, մարդկանց, որոնք քվեարկել են քո օգտին, հավատալով, թե խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում կբերես իրենց։ Բերեցի՞ր։

Վաղ թե ուշ այս հարցերը տալու են Զելենսկուն։ Ի՞նչ է նա պատասխանելու: Գուցեև այլ երկրներում չգիտեն, բայց Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին շատ լավ գիտի այն պատասխանը, որ կտա Զելենսկին։ Նա կասի, թե վախենում էր, որ իրեն կանվանեն դավաճան, ժամանակից շուտ կանվանեն։ Այդպես կպատասխանի Զելենսկին, Հայաստանում դա շատ լավ գիտեն. դա նույնպես անցել ենք։