ՌԴ-ում արգելվել են Facebook-ը և Instagram-ը՝ ծայրահեղական գործունեության համար

Մոսկվայի Տվերի դատարանն արգելել է ՌԴ-ում Facebook-ը և Instagram-ը՝ ծայրահեղական գործունեության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Որոշումն անհապաղ կիրականացվի»,- հայտնել է դատարանը։

Գլխավոր դատախազությունը հայցը բացատրել է որպես ռուսաստանցիներին իրենց իրավունքների հետագա խախտումներից պաշտպանելու ցանկություն։ Այսպիսով, Instagram-ն անտեսել է ավելի քան 4,5 հազար պահանջ՝ հեռացնելու Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին կեղծիքները և չարտոնված հանրահավաքների կոչերը։

Ըստ դատախազների՝ ծայրահեղական տեղեկատվությունը սպառնում է ինչպես անհատներին, այնպես էլ ողջ հասարակությանը:

Դատախազը նշել է, որ որոշումը չի տարածվում WhatsApp մեսենջերի վրա։

Իր հերթին, Meta-ի ներկայացուցիչն առարկել է, որ ռուս օգտատերերը շփման համար օգտվում են այդ հարթակներից։ Խախտումների համար ընկերությունն արդեն տուգանքներ է վճարել։

Meta-ն նշել է, որ արգելափակման դեպքում հսկայական քանակությամբ ոչ հակասական տեղեկատվություն անհասանելի կդառնա։

Ավելի վաղ Meta Platforms-ն ուկրաինական իրադարձությունների ֆոնին Facebook-ում և Instagram-ում ժամանակավորապես հանել էր ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչերի արգելքը, «բայց ոչ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական բնակչության նկատմամբ»։

Դրանից հետո ՌԴ գլխավոր դատախազությունը բարձրացրել է Meta-ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու հարցը, իսկ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ծայրահեղականության հրապարակային կոչերի և ահաբեկչությանն օժանդակելու վերաբերյալ։

Meta-ի փոխնախագահ Նիկ Քլեգը ավելի ուշ բացատրել է, որ նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում և վստահեցրել է, որ Meta-ն «չի հանդուրժի ռուսաֆոբիան»:

Գլխավոր դատախազության խնդրանքով «Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանում սահմանափակել է մուտքը Instagram՝ ռուսաստանցիների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի պատճառով։ Անցած երկուշաբթի օրվանից Instagram-ն անհասանելի է ռուսական IP հասցեների համար։

Իսկ մինչ այդ «Ռոսկոմնադզորն» արգելափակել էր Facebook-ը՝ ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ զանգվածային խտրականության պատճառով, տեղեկացնում է News.am։