ՌԴ պաշտպանական արդյունաբերության նորույթները կցուցադրվեն Երևանում՝ ArmHiTec ցուցահանդեսին

Ռուսական արդիականացված մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռները, Տ-90ՄՍ տանկը, զրահապատ ունիվերսալ ինժեներական մեքենան, ունիվերսալ անվավոր հարթակի հիման վրա ստեղծված «Բումերանգ» մարտական մեքենաները, ինչպես նաև Կալաշնիկովի ԱԿ-15 և ԱԿ-203 ինքնաձիգները կներկայացվեն ArmHiTec - 2022 Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների III միջազգային ցուցահանդեսում, որը տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Միասնական ռուսական ցուցադրությունը կներկայացնի «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ն, որը «Ռոստեխ» կորպորացիայի մաս է կազմում։

Իր տաղավարում «Ռոսօբորոնէքսպորտը» կներկայացնի ավիացիոն տեխնիկայի, այդ թվում՝ ցամաքային ուժերի, ՀՕՊ միջոցների, հրաձգային զենքի և տարբեր նշանակության պաշտպանված ավտոմեքենաների մոդելներ: Ընկերությունը կցուցադրի նաև փոքր չափի անօդաչու թռչող սարքերի դեմ ռադիոլոկացիոն պայքարի միջոցներ, ասվում է «Ռոստեխի» հաղորդագրության մեջ:

Ընկերությունը ժամանակակից սպառազինության, ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների զինված ուժերի և իրավապահ մարմինների պահանջների ապահովման ոլորտում բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումների և պատրաստի լուծումների լայնածավալ ցուցադրություն կանցկացնի։

Ընդհանուր առմամբ, միասնական ռուսական ցուցահանդեսի կազմում նախատեսվում է ցուցադրել մոտ 300 անուն արտադրանք՝ նմուշների, մոդելների, մակետների, տեսանյութերի, պաստառների, թռուցիկների, բուկլետների և այլ գովազդային նյութերի տեսքով:

Բացի այդ, Երևանում «Ռոսօբորոնէքսպորտը» կներկայացնի ռուսական արդյունաբերության կողմից ավելի վաղ մատակարարված արտադրանքի արդիականացման լայն հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ գործունեության շրջանակներում:

Ցուցահանդեսը պետք է կայանար 2021 թվականի մարտի 25-27-ը, սակայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փոխել էր ժամկետը՝ համաճարակային իրավիճակի պատճառով այն կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Ցուցահանդեսին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 60 մասնակից՝ Հայաստանի և այլ երկրների արդյունաբերական ձեռնարկություններ։ Նախատեսվում է 20-ից ավելի երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցություն, լայնածավալ գործարար և բանակցային ծրագրերի իրականացում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: