Ադրբեջանը փորձում է զինաթափել Արցախը
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է АПА գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված հայտարարության դրույթների իրականացումը, ինչպես նաև օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ։ 2020թ․ նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել Ադրբեջանի տարածքից հայկական անօրինական զինված խմբավորումների դուրսբերման և մի շարք այլ հարցերի շուրջ»,- գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը։
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ ավտոմատ 5 տարի երկարաձգման իրավունքով, եթե կողմերից ոչ մեկը չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին՝ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի համապատասխան գերատեսչությունները դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել այս հաղորդագրությանը, տեղեկացնում է News.am-ը։