Իշխան Սաղաթելյան․ Իշխանությունները թուրքերի հետ փաստաթուղթ են քննարկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք դեռ ամիսներ առաջ հայտարարում էինք, որ այս իշխանությունները երկիրը տանելու են թուրքացման ճանապարհով. Դա ենթադրում է Թուրքիայից կախյալ պետություն՝ տնտեսական, անվտանգային և բոլոր իմաստներով: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են դա կանխելու համար:

 

«Սա լոկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիր չէ, սա ուրացում է Հայոց ցեղասպանության, մեր անժամանցելի իրավունքները, և առհասարակ, այն ինչ կատարվում է, չի բխում հայ ժողովրդի և Հայաստանի շահերից»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան երբեք չեն կարող ազնիվ լինել իրենց մղումներում, որովհետև իրենք շատ բացահայտ օկուպացված Շուշիում ստորագրված հռչակագրով հաստատեցին, որ ցանկանում են մեր պետության վերացումը։

«Օրվա իշխանությունները դա չեն հասկանում և երկիրը տանում են դեպի անդունդ։ Ինչ վերաբերում է բուն բանակցություններին, ասեմ ավելին՝ իրենք փաստաթուղթ են քննարկում, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում են, ի՞նչ են անում։ Հավանաբար մշակվում է ինչ–որ փաստաթուղթ և փորձում են ինչ–ինչ հարցերի շուրջ համաձայնության գալ։

Եթե խոսքը վերաբերում է սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը, դա կարող էին մեկ գրությամբ կարգավորել, բայց պարզ է, չէ՞, որ խոսքը ուրիշ հարցերի մասին է, նախապայմանների մասին է՝թաքնված կամ բացահայտ։ Այս պարագայում շատ գործողություններ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ»,– ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am։