«ՔԱՅԼՈՂ» ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՆՈՂԿԱԼԻ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ «ՔԱՅԼՈՂ» ԳԵՆԵՐԱԼԸ

Խորհրդարանի ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր, որը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից։ Նախ՝ տարիքով. նա կրկնակի ավելի մեծ է, քան Նիկոլի կաթնակերների մեծամասնությունը, իսկ գուցե նույնիսկ ավելի մեծ։ Երկրորդ. սա ոչ միայն ծառայել է բանակում, այլև կադրային զինվորական է և 2000-2008թթ. նույնիսկ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետի պաշտոնը։ Ավելին, մասնակցել է պատերազմներին, համենայնդեպս այդպես են գրում։ Ունի գեներալ-լեյտենանտի կոչում, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ մի շարք շքանշաններով ու մեդալներով: Թվում է՝ ինչո՞վ օրինակելի ծառայություն չէ երկրին։ Որոշակի ժամանակից ի վեր, սակայն, Մելքոնյան Գագիկ անունով (խորհրդարանի կայքում նա նշված է որպես Գուրգեն) սույն գեներալը տվել-անցել է իր երիտասարդ համախոհներին՝ Արցախի վերաբերյալ զազրելիագույն հայտարարությունների մասով։

Այն փաստը, որ 2021 թվականի հունիսին 64-ամյա կադրային զինվորականն ընդգրկվեց կապիտուլյանտի կուսակցության նախընտրական ցուցակում, ինքնին, մեղմ ասած, տարակուսելի է։ Այսինքն խոսքը նույնիսկ «հեղափոխության» մասին չէ, որը մոլորության մեջ գցեց բազմաթիվ նորմալ մարդկանց։ Ոչ, Մելքոնյանը ձուլվեց ՔՊ-ի շարքերին և պատգամավոր դարձավ հենց աղետալի 44-օրյա պատերազմից, Արցախի մեծ մասի հանձնումից և Ադրբեջանի կողմից ինքնիշխան Հայաստանի տարածքների բռնազավթումից հետո։ Եվ այդ ժամանակից ի վեր ջերմեռանդորեն «աշխատում է» այն բարիքների դիմաց, որ ստանում է որպես ԱԺ իշխող խմբակցության անդամ։ Ինչը նշանակում է ոչ միայն հլու-հնազանդ քվեարկություն բոլոր հարցերի վերաբերյալ և համաձայնություն իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, այլև ադրբեջանամետ հայտարարությունների պարտադիր հնչեցում, ընդհուպ մինչև ամենից վտանգավորներ։ Ինչն էլ գեներալ-լեյտենանտ Մելքոնյանն անում է պատրաստակամորեն։

Ներկայացնենք նրա մտքի վերջին «մարգարիտներից» մի քանիսը։ Օրինակ, մարտի 7-ին Երասխում ադրբեջանական զինուժի ագրեսիայից հետո, որի ընթացքում զոհվեց 33-ամյա պայմանագրային զինծառայողը, իսկ երկրորդը վիրավորվեց, Մելքոնյանը հայտարարեց, թե դա ամենևին էլ հակառակորդի սադրանքը չէր։ Պարզապես «տեսել են առանց կասկա, առանց բրոնյա, խփել են»,- ասաց նա։

Մարտի 12-ին, երբ Արցախի բնակչությունը զրկված էր գազից, և մարդիկ բառացիորեն սառում էին, Մելքոնյանը «Իրավունք» պարբերականին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք արցախցիները նման պայմաններում շարունակել մնալ հայրենիքում, ցինիկաբար պատասխանեց. «Զոռով բերանս մի բացեք, էլի, իրանց գործն ա` կմնան չեն մնա, իրանց խնդիրն ա»։ Իսկ մարտի 18-ին, երբ իրավիճակն արդեն հասել Էր հումանիտար աղետի, ոչ պակաս ցինիկաբար ճամարտակեց. «Ղարաբաղցիք փախել են Երևան՝ ստեղից Ղարաբաղ են պահանջում. թող գնան՝ պահեն»։

Ամենայն հավանականությամբ, Մելքոնյանին հանձնարարվել է մասնագիտանալ հակաարցախական հայտարարությունների վրա՝ ամեն կերպ նպաստելով հայ ժողովրդի պառակտմանը և ատելություն հրահրելով արցախցների հանդեպ։ Թե ինչպես անվանել դա, չգիտեմ։ Կրկնեմ միայն, որ մեկ բան է այդօրինակ հայտարարություններ լսել լվացած ուղեղով ու ազգային որևէ կողմնորոշիչներից ու արժեքներից զուրկ դեղնակտուցներից, և միանգամայն այլ բան՝ զինվորական ծառայության և պատերազմներին մասնակցության երկար տարիների փորձ ունեցող մարտական գեներալից։ Մտքումդ ակամայից ծագում է միայն մեկ հարց. Գագիկ Մելքոնյանը ո՞ր բանակի գեներալ է. հայկական, թե՞ ադրբեջանական։ Գուցե թուրքակա՞ն։

Ասենք, առանձին վերցրած ՔՊ-ականի հոգեբանության առանձնահատկությունների մեջ չենք խորանա. չափից մեծ պատիվ կլինի կապիտուլյանտի այդ հաճկատարի համար, որը փոխանակել է Բանակին և երկրին իր ծառայության տասնյակ տարիները պատգամավորական աշխատավարձի, պարգևավճարների և այլ բարիքների հետ (ասենք՝ թե ինչպես է նա ծառայել, դա էլ դեռ մեծ հարցական է)։ Պարզապես մեջբերենք Երևանում Արցախի ներկայացուցչության մամլո քարտուղար Արմինե Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը։ Հասկանալի պատճառներով նա չի հիշատակում Մելքոնյանին կամ մեկ ուրիշին, բայց գրվածը հստակ ու համարժեք պատասխան է թե՛ անձամբ «գեներալին», թե՛ փաշինյանական ամբողջ ոհմակին, որը հանդգնում է վայրահաչել Արցախի ու նրա հերոս բնակիչների հասցեին։ Ներկայացնենք Արմինե Հայրապետյանի մարտի 18-ի գրառումը՝ ոչ մեծ կրճատումներով:

Гагик Мелконян

«44-օրյա պատերազմի արդյունքում Եռաբլուրում հերոսների 918 նոր շիրիմ է ավելացել. շիրիմներից 234-ը արցախցի տղաներինն են։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ 44-օրյա պատերազմում Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից մեր զոհերի թիվը 3812 է, որից 822-ը Արցախի քաղաքացիներ են։ Հայկական կողմից անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ, որոնցից 45 զինծառայող և 20 քաղաքացիական անձ Արցախի քաղաքացիներ են։

Այս թվերը նոր չեն և հավանաբար փոփոխվել են վերջին ամիսների ընթացքում, սակայն դրանից չի փոխվում պատերազմում մեր կրած մարդկային կորուստների վիճակագրությունը. 44-օրյա պատերազմի մեր զոհերի մոտավորապես ¼-ը արցախցիներ են։

Ներկա պահին Արցախի բնակչության թիվը մոտավորապես 120 000 է։ Պատերազմից հետո Արցախ չվերադարձած արցախցիների թիվը մոտ 21 000 է։ Այս թիվը կազմում են Արցախի բռնազավթված 4 շրջանների բնակիչները, որոնք մինչ օրս Արցախ չեն վերադարձել բնակֆոնդի բացակայության պատճառով։

Ուստի բոլոր նրանք, ովքեր օգտագործելով իրենց հանրային խոսքի իրավունքը, շարունակաբար պնդում են, թե «Արցախում մարդ չկա, ղարաբաղցիներից ոչ ոք չի ուզում վերադառնալ Ղարաբաղ», պետք է գիտակցեն, որ իրենց սուտ հայտարարություններով ընդամենը «հաստատում են» Ալիևի հնչեցրած միտքը, ըստ որի՝ «Ղարաբաղի հայազգի բնակչության թիվը պատերազմից հետո 25 000 է»։

Ի հեճուկս բոլոր այս պնդումների, Արցախ վերադարձած ու այսօր մոտ 120 000-ի հասնող արցախահայությունը կառչած է իր հողին։ Արցախցին իր տանն այսօր ապրում է՝ առանց անվտանգության երաշխիքների, կենցաղային անհրաժեշտ պայմանների ու սառնամանիքի պարագայում ջեռուցումից զրկված ու հոսանք խնայելով, և որ ամենաբարդն է՝ թշնամու մշտական թիրախում, բայց չի պատրաստվում հանձնվել, ինչպես որ չի արել դա երբեք։

Իսկ բոլոր նրանք, ովքեր պարբերաբար վիրավորում են արցախցիներին, ասելով, թե «նոյեմբերի 6-ին ղարաբաղցիները լքել են իրենց տները և դրա համար էլ թշնամին գրավել է Շուշին», իրականում զբաղված են փոքրոգի մանիպուլյացիայով. բոլորին շատ լավ հայտնի է, որ 2020-ի նոյեմբերի 6-ի Ստեփանակերտի տարհանումը իրականացվել է միայն խաղաղ բնակչության շրջանում, քանի որ մինչև նոյեմբերի 6-ը Ստեփանակերտ քաղաքի բնակչության մի մասը դեռևս քաղաքում էր՝ ռմբապաստարաններում պատսպարված, երբ թշնամին արդեն գրեթե Ստեփանակերտի մատույցներում էր։ Ուստի հերոսաբար ամբողջ պատերազմը առաջնագծին թիկունք եղած և տարհանման ենթարկված խաղաղ բնակչությանն անվանել «փախած»՝ մեղմ ասած անթույլատրելի է։ Իսկ տարհանման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, հուսանք, հետագայում կտան պատկան մարմինները։

Եվ վերջում՝ յուրաքանչյուր հայ եթե գիտակցի իր խոսքի հանրային կշիռը, ազդեցությունն ու հետևանքները, ձեռնպահ մնա վիրավորական, մեր հանրությունը տարանջատող, ազգի ներսում «ղարաբաղցի-հայաստանցի» ներքին թշնամանք հրահրող հայտարարություններից, մեր խնդիրներն անհամեմատ շատ ավելի հեշտ հաղթահարելի կլինեն։ Երկընտրանք չունի Չարենցյան ճշմարտությունը՝ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։

Լուսանկարում Մարտունու սահմանապահ Հերհեր գյուղի երեխաներն են, բազմանշանակ իրենց ժպիտներով ասում են՝ ՍՏԵՂ ԸՆՔ!!!»։

Ասվածին հավելելու ոչինչ չկա։ Դժվար թե Մելքոնյանն ու իր նմանները չգիտակցեն, թե ինչ վնաս են հասցնում պետությանն ու ժողովրդին իրենց հայտարարություններով. խնդիրը հենց այն է, որ դա արվում է միտումնավոր ու դիտավորյալ, վերևից ստացած հրահանգով և թուրքերի հետ «խաղաղության» մասին փաշինյանական պատկերացումներին համապատասխան։

Բայց պատասխանել նրանց պետք է անպայման, ընդ որում՝ մշտապես։ Որպեսզի «հակաՀայաստանի» այդօրինակ «գեներալները» չմտածեն, թե հաղթել են Արցախին ու Հայաստանին, որպեսզի նրանք բոլորը՝ և՛ գեներալները, և՛ պարզապես ուսապարկերը, ներքին վախ զգան դավաճանության ու փոքրոգության համար պատժի անխուսափելիության հանդեպ։ Եվ հստակ հասկանան, որ ապագան պատկանում է բնավ ոչ իրենց, այլ Արցախի Հերհեր գյուղի այս լուսավոր մանուկներին ու բոլոր այն հայ երեխաներին, որոնք հակառակ ու ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամիների՝ չեն վախենում մնալ ու ապրել իրենց հողի վրա։

Եվ որ նրանք հաղթելու են։