ԱՄՀ․ Ռուսաստանի դեֆոլտը համաշխարհային տնտեսության համար «համակարգային ռիսկ» չի լինի

Եթե Ռուսաստանը չկարողանա վճարել իր արտաքին պարտքերը, համաշխարհային ֆինանսական համակարգի վրա հետևանքներն, ամենայն հավանականությամբ, «սահմանափակ» կլինեն, ասել է ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Եթե դեֆոլտ լիներ, ես կարծում եմ, որ ուղղակի ազդեցությունը մնացած աշխարհի վրա շատ սահմանափակ կլիներ, քանի որ թվերը համեմատաբար մեծ չեն գլոբալ տեսանկյունից»,- ասել է ԱՄՀ փոխնախագահ Գիտա Գոպինատը: «Սա համակարգային ռիսկ չէ համաշխարհային տնտեսության համար, թեև որոշ բանկեր ավելի շատ են ենթարկված ռիսկի»,- Foreign Policy ամսագրի հետ զրույցում ասել է նա:

Պատժամիջոցները փաստացի խզել են Ռուսաստանի կապերը համաշխարհային ֆինանսական համակարգի հետ՝ արգելելով գործարքների մեծ մասը, բացի պարտքի մարումից և նավթի գնումից: Այս միջոցառումները նաև սառեցրել են արտասահմանում պահվող պետական արտարժույթի 300 մլրդ դոլարի պահուստները:

Անցյալ շաբաթ Մոսկվան խուսափեց դեֆոլտից այն բանից հետո, երբ վճարեց 117 մլն դոլար արժողությամբ երկու պարտատոմսերի տոկոսները՝ գումարն ուղարկելով JPMorgan-ի և Citigroup-ի միջոցով, որոնք հաստատեցին ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, որ գործարքները թույլատրված են:

Աղբյուրը երեքշաբթի օրը AFP-ին հայտնել է, որ JPMorgan-ը ԱՄՆ դոլարով ևս 66 մլն դոլարի վճարում է ստացել, թեև չի կարողացել հաստատել, թե արդյոք միջոցներն ուղարկվել են Citi-ին:

Մոսկվան ի սկզբանե նշել էր, որ ռուբլով է վճարելու, ինչը, ըստ վարկանշային գործակալությունների, դեֆոլտ կհամարվի, տեղեկացնում է News.am: