«Ժողովուրդ». ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ իշխանավորները մի քանի հարց են քննարկել: Ճիշտ է՝ հատուկ պայման են դրել ու պայմանավորվել միմյանց հետ, թե նիստի մանրամասներն իրենց ներսից դուրս չի գալու, բայց «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
«Մասնավորապես, ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկը, բայց, մեր տեղեկություններով, այս մասով Փաշինյանը որևէ վերջնական ու հստակ բան չի ասել թիմակիցներին: Իշխանականների քննարկելիք գլխավոր թեմաներից է եղել նաև այն, թե այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ականներից ով ինչ հարց է տալու Փաշինյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օրակարգային կարևոր հարցերի մասին ՔՊ պատգամավորները հարց ուղղեն Փաշինյանին՝ կանխելով ընդդիմադիր պատգամավորների հավանական «ցավոտ» հարցերը:
Անդրադարձ է եղել նաև Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խոչընդոտմանը: Որոշել են, որ այդ մասին հայտարարություններ անելիս առավել քան զգույշ պետք է լինեն՝ զերծ մնալով կոշտ ու սուր ելույթներից:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: ԱԺ մեծամասնականները հույս ունեն, որ այդ ժամանակ իրենց առաջնորդը մի շարք հարցերի մասով առավել հստակ ու կոնկրետ դիրքորոշում կհայտնի», - գրել է թերթը: