Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԾԱՎԱԼՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ԴԱՆԴԱՂ ԸՆԹԱՑՔԸ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԲԽՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՇԱՀԻՑ
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանն Ուկրաինայում մտել է փակուղի, ի վիճակի չէ լուծել իր առջև դրված խնդիրները, ձախողել է ռազմավարությունը կամ էլ, ընդհանրապես, պարտվում է: Նման խոսույթ տարածողները, սակայն, հաշվի չեն առնում մի կարևոր հանգամանք: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
«Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները ավանդական իմաստով չի կարելի պատերազմ որակել: Տեղի ունեցողը պատերազմ չէ նաև իրավական տեսանկյունից: Հակառակ դեպքում Մոսկվան չէր օգտագործի «ռազմական օպերացիա» սահմանումը, իսկ Կիևը, ի վերջո, պատերազմ կհայտարարեր (ռազմական դրությունն ու պատերազմը տարբեր բաներ են): Դե-յուրե պատերազմ չհայտարարելը պայմանավորված է որոշ հանգամանքներով, մասնավորապես.
1. Միջազգային իրավունքի համաձայն՝ պատերազմող կողմերին չի թույլատրվում զենք ու զինամթերք մատակարարել: Պարզ է, որ Կիևի համար դա խիստ անցանկալի սցենար է:
2. Դե-յուրե պատերազմի դեպքում կողմերը պետք է խզեն հարաբերությունները՝ միաժամանակ ազգայնացնելով թշնամու ունեցվածքը: Հասկանալի է, որ խոսքը գնում է նախևառաջ ռուսական բնական գազի մասին, որը շարունակում է Եվրոպա արտահանվել Ուկրաինայի տարածքով: Հետևաբար, դե-յուրե պատերազմ չհայտարարելը բխում է նաև Մոսկվայի շահերից:
Սակայն վերադառնանք Ռուսաստանի «պարտությանը»:
Ծավալվող հատուկ օպերացիայի դանդաղ ընթացքը ուղղակիորեն բխում է Մոսկվայի շահից: Այն ռուսական ռազմավարության մաս է, իսկ լոգիստիկայի ու մատակարարման խնդիրների վերաբերյալ լուրերը, մասնագետների համաձայն, հիմնականում ունեն արհեստածին բնույթ:
Հատուկ օպերացիա իրականացնելով՝ Մոսկվան նախևառաջ լուծում է սեփական աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական դիրքերի ամրապնդման խնդիրը, ընդ որում՝ բավականին լայն աշխարհագրությամբ ու գլոբալ նպատակադրումներով: Դրանք են՝
1. Միջազգային ֆինանսական համակարգի փոխակերպումը: Դեռևս 1944 թ. Բրետոն Վուդում ձևավորված դոլարակենտրոն ֆինանսական աշխարհակարգի հիմքերն այժմ գտնվում են լուրջ վերաիմաստավորման փուլում: Միս ու արյուն է ստանում «Ռուբլի-Յուան-Ռուպի» ֆինանսական տրիումվիրատը:
2. Մոսկվան էապես ամրապնդվում է միջազգային էներգետիկ շուկաներում՝ դառնալով գրեթե անփոխարինելի մատակարար հատկապես Եվրոպայի ու Ասիայի համար ու հարցականի տակ դնելով գլոբալ "կանաչ գործարքը": Միաժամանակ, ածխաջրածինների բարձր գները թույլ են տալիս էապես ավելացնել ստաբիլիզացիոն ֆոնդի միջոցները՝ անվտանգության բարձիկ ստեղծելով ՌԴ տնտեսության համար: Այֆոնների, Զառաների ու Մաքդոնալդսների ելքը Բորիս Վիանի ասած «օրերի փրփուր» է:
3. Հատուկ օպերացիան նպաստում է քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացմանը ԱՄՆ-ում ու եվրոպական մի շարք երկրներում: Խորացող ճգնաժամն այդ երկրներում կարող է բերել լուրջ քաղաքական տրանսֆորմացիաների, որոնցում Մոսկվան փորձելու է շահառու հանդես գալ»,- գրել է փորձագետը: