Բաքվում հայտարարել են, որ Արցախի գազամատակարարումն Ադրբեջանի ներքին գործն է

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի գազամատակարարման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ փորձեց միջամտել Բաքվի ներքին գործերին՝ մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հիմա նորից փորձում է դա անել այլ թեմայով», - ասել է Աբդուլաևան:

Նա նշել է, որ Հայաստանը «ապակառուցողական պահվածք է ցուցաբերում, անհիմն պնդումներ անում»։

«Մեր խորհուրդն է Հայաստանին՝ ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, ներառյալ իր զինված ուժերի մնացորդների դուրսբերումը տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը, չհնչեցնել անհիմն և անօրինական մեղադրանքներ», - ընդգծել է Աբդուլաևան, տեղեկացնում է Aysor.am: