Միրզոյանի համար ընդունելի՞ է Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմում
Մենք պաշտպանելու ենք արցախահայության բոլոր իրավունքները, այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, թե արդյոք կարող է հայկական կողմի համար լինել կարգավորման որևէ տարբերակ, որը ենթադրում է Արցախի որևէ կարգավիճակով ներառում Ադրբեջանի կազմում։
«Դուք կարո՞ղ եք ասել, որ տարիներ շարունակ հայկական կողմի որդեգրած մոտեցումը, որ Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, շարունակում է ձեզ համար մնալ կարևոր և արդիական»,– հարցադրում արեց Ագնեսա Խամոյանը, ինչին ԱԳ նախարարը պատասխանեց․
«Տիկին Խամոյան, կարծում եմ՝ բոլորիս հայտնի են «բոլոր» բառի ստուգաբանությունն ու իմաստային բոլոր հնարավոր շերտերը։ Ազգերի ինքնորոշումը իրավունք է, կարծում եմ՝ կհամաձայնեք, այսինքն՝ եթե նույնիսկ չհամաձայնեք, իրավունք է, և երբ ես ասում եմ՝ մեզ համար սկզբունքային են և մենք պաշտպանելու ենք արցախահայության բոլոր իրավունքները, ես նկատի ունեմ բոլոր իրավունքներ»,– ասաց նա՝ հղում անելով «Արմենպրես» գործակալությանը օրերս տված իր հարցազրույցին։
Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, հայկական կողմը ևս չի առաջադրում նախապայմաններ։
«Մենք ասել ենք, որ բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Սա նշանակում է, որ մենք ադրբեջանական կողմից ակնկալում ենք, և ընդհանրապես միջնորդներից՝ համանախագահներից, ակնկալում ենք, որ բանակցություններին ընդառաջ մեզ նախապայմաններ չեն առաջադրվի, պահելով մեր իսկ բարձրաձայնած կանոնները՝ մենք ինքներս նույնպես նախապայմաններ չենք դնում և չենք կանխորոշում բանակցությունների արդյունքները»,– ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։