ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ

Ուկրաինական լրատվամիջոցներն աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն ուկրաինացի նկարիչ են հռչակել։ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը Telegram-ի իր ալիքում հայտնել է Մարիուպոլում Արխիպ Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքի ավերման մասին, որտեղ պահվում էին աշխարհահռչակ վարպետների բնօրինակ նկարներ։

«Գնդակոծության պահին թանգարանում Կուինջիի ստեղծագործությունների բնօրինակներ չեն եղել։ Մնացել են Անդրեյ Յալանսկու և Ալեքսանդր Օլխովի հեղինակային պատճենները:

Թանգարանում պահվում էին ուկրաինացի նկարիչներ Իվան Այվազովսկու, Նիկոլայ Գլուշչենկոյի, Տատյանա Յաբլոնսկայայի, Միխայիլ Դերեգուսի և այլոց ստեղծագործությունների բնօրինակները։ Դրանց ճակատագիրն այս պահին անհայտ է»,- հայտարարել է խորհուրդը։

Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում, հայ վաճառական Այվազյանի (Գայվազովսկի) ընտանիքում, մկրտվել է Հովհաննես անունով։ Հայազգի մեծանուն նկարիչը՝ ծովային տեսարանների ստեղծողը, ունեցել է գաղտնի խորհրդականի կոչում, եղել է արվեստի հայտնի ակադեմիաների պատվավոր անդամ՝ Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Ամստերդամում և եվրոպական այլ քաղաքներում։ Նա երկար է ապրել, ունեցել է բացառիկ աշխատունակություն և թողել է մի քանի հազար արվեստի գլուխգործոց։ Դրանցից մի քանիսը ներառված են համաշխարհային գեղանկարչության Ոսկե ֆոնդում։

News.am