ԱՄՆ–ն ընդլայնել է ՌԴ–ի դեմ սահմանափակումները

Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներն անդրադարձել են Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆիննախի հայտարարության մեջ։

Բացի այդ, նոր սահմանափակումները տարածվել են «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի և դրա ղեկավար Բորիս Օբնոսովի, ինչպես նաև այդ ընկերության հետ առնչություն ունեցող մի շարք ձեռնարկությունների վրա։

ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի և ԱԹՍ–ների մասնավոր արտադրող «Կրոնշտադտ» ընկերության նկատմամբ։

«Ռուսաստանի ուղղաթիռներ»–ի կազմում, որին բաժին է ընկնում ռուսական ուղղաթիռային շուկայի 90 և համաշխարհային շուկայի 10%–ը, պատժամիջոցների տակ են հայտնվել 15 դուստր ձեռնարկություն, այդ թվում` Կամովի և Միլի կոնստրուկտորական բյուրոն, Կազանի, Ուլան–Ուդեի և Կումերտաուի արտադրական հզորությունները։

«Այդ ընկերության կողմից արտադրվող ուղղաթիռները Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ իր պատերազմում», – հայտարարել է նախարարությունը։

Բացի այդ, պատժամիջոցային ցանկում է հայտնվել «Կրոնշտադտ» մասնավոր ընկերությունը, որը զբաղվում է ԱԹՍ–ների մշակմամբ և արտադրությամբ։

ԱՄՆ–ի սահմանափակումների տակ է հայտնվել նաև ռուսական մի նավ` գործարար Գենադի Տիմչենկոյի «Լենա» զբոսանավը։

Գերատեսչությունը նշել է նաև, որ գործող պատժամիջոցներն այժմ գործում են ոսկու հետ կապված ցանկացած գործողությունների նկատմամբ, եթե դրանք առնչվում են Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։