Ո՞Վ ԱՍԱՑ, ԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՄ ԷՐ ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԻՆ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՇՈՒՇԻ
Վաղուց եմ նկատել մարդկային պսիխիկային և մեր հոգեկերտվածքին անչափ բնորոշ մի առանձնահատկություն. վստահություն նրանում, որ եթե իշխանությունները, ասենք, հայկական են, ուրեմն նրանք պետք է գործեն ի նպաստ հայ ժողովրդի և պետության շահերի։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Տրամաբանության և պատմական պրակտիկայի տեսանկյունից այստեղ ամեն ինչ նորմալ է, ընդ որում՝ գործում է կարծրատիպը, որը, ըստ երևույթին, անհնար է արմատախիլ անել։ Դրա վերջին օրինակներից են Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված համառ կոչերը՝ արձագանքելու ՄԱԿ-ի ներկայացուցչի վերջերս Շուշի կատարած այցին. ասել է թե ՝ ինչո՞ւ եք լռում, գոնե մի բան հայտարարեք։
Կոչերին ստիպված անսացին (պետք է, չէ՞, դեմքի գոնե ինչ-որ նշույլ պահպանել անհուսալիորեն այլանդակված իշխանական կերպարանքի խորապատկերին), դժկամությամբ և ուշացումով իրենց մոտ կանչեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին և հայտարարեցին, թե իբր՝ այցը դատապարտում են։ Ինչպես նաև պահանջեցին «քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության համատեքստում կազմակերպության չեզոք դիրքորոշումը վերականգնելու ուղղությամբ»: Եվ ի՞նչ։ Ոչինչ: Քանզի պետք է ոչ միայն մերկախոս կերպով դատապարտել ու պահանջել, այլ առաջին հերթին աշխատել։ Նախ՝ վաղօրոք կանխելու համար իսկապես անարժան և ՄԱԿ-ին վարկաբեկող այդօրինակ քայլերը։ Երկրորդ, որպեսզի իսկապես «վերականգնվի չեզոքությունը», եթե կանխել ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել։
Բայց ԱԳՆ-ում հենց պրոֆեսիոնալ և հետևողական աշխատանքի առումով ակնհայտ խնդիրներ կան. ոչ միայն չեն կարողանում, քանզի նախարարից սկսած՝ կառույցը հեղեղված է դիլետանտներով, այլև չեն ուզում, քանի որ իրենց առջև այլ խնդիր է դրված։ ԱԳՆ-ը, ինչպեսև Նիկոլի դարաշրջանի ցանկացած այլ կեղծ հայկական կառավարական կառույց, կարելի է վստահորեն համարել ադրբեջանական կամ թուրքական նույնանուն գերատեսչությունների մասնաճյուղ։ Համապատասխանաբար, նրանց առջև դրված խնդիրն էլ բնավ Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությունը չէ, ինչպես նախկինում էր։ Այլ ճիշտ հակառակը. լավագույն դեպքում անգործությունը՝ որպես պաշտոնական Երևանի հետ ընդհանուր նպատակներն առաջ մղելու գործում Բաքվին ու Անկարային չխանգարելու միջոց։
Այնպես որ նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի ԱԳՆ-ը ինչ-որ «հայրենասիրական» բան է հայտարարում՝ որևէ տարեթվի կամ իրադարձության առթիվ, օգտագործելով բարձրահունչ ու ճիշտ արտահայտություններ և թեզեր, դա ընդամենը խաղ է հանդիսատեսի համար, ինչը բացարձակապես ոչինչ չի փոխում ընդհանուր դասավորության մեջ։ Երևանն ու Բաքուն կարող են նույնիսկ ցուցադրական լեզվակռիվ կազմակերպել, ինչպես դա եղավ ՄԱԿ-ի վերաբերյալ հայտարարության պարագայում, բայց սա հենց այն դեպքն է, երբ սիրող զույգը մարդամիջում վիճում է, աչքից հեռու՝ համբուրվում։
Իրականությունն այն է, որ փաշինյանական ոհմակը բացարձակապես ոչ մի պատճառ չունի դժգոհ լինելու ՄԱԿ-ի և ցանկացած այլ միջազգային կազմակերպության ներկայացուցչի այցից Արցախի բռնազավթված տարածքներ։ Որովհետև փաշինյանական ոհմակը բացարձակապես ոչ մի տարաձայնություն չունի թուրքերի հետ Արցախի, այդ թվում՝ Շուշիի հարցում, ինչը նրանք բազմիցս ապացուցել են իրենց հայտարարություններով, բաց տեքստով խոստովանելով, որ եթե անգամ տեսնում են որևէ կարգավիճակ Արցախի համար, ապա բացառապես Ադրբեջանի կազմում։
Այդ ցինիկ արշավի մեկնարկը տվեց անձամբ Փաշինյանը՝ հնչեցնելով իր զազրելի հայտարարությունը «դժբախտ ու դժգույն Շուշիի» մասին, որն, իբր, պետք չէ մեզ։ Հետագայում այդ հանցավոր հակահայկական գործընթացին հերթով միացան Տեր-Պետրոսյանի և Լիպարիտյանի քաղաքական մյուս բոլոր սնածուները՝ դրանով հող շոշափելով ու խարխլելով անսասան թվացող ճշմարտություններն ու արժեքները։ Այսօր նրանք արդեն չեն շոշափում, այլ ամուր, ինչպես իրենց է թվում, կանգնած են խարխլված հողի վրա և վստահաբար հայտարարում են իրենց համար Բաքվի բոլոր առաջարկների ընդունելիության մասին։ Հենց միայն վերջին շաբաթվա ընթացքում դա մի քանի անգամ հաստատել են Օմեգա-Արաբատ Միրզոյանը, Էդուարդ Աղաջանյանը և ռեժիմի այլ ներկայացուցիչներ։
ԱՅՍՏԵՂԻՑ՝ ՀԱՐՑ. ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԸՆԿԵՐԱԽՈՒՄԲԸ դեմ լինեին ՄԱԿ-ի ներկայացուցչի Շուշի կատարելիք այցին։ Ավելին, կարելի է ամենայն վստահությամբ պնդել, որ նրանք նախապես տեղյակ են եղել և բացարձակապես ոչինչ չեն արել, որպեսզի նախազգուշացնեն ՄԱԿ-ին այդ քայլի սադրիչ բնույթի մասին։ Տվյալ կազմակերպությունը, իհարկե, մի բարի պտուղ չէ. իսկը պոռնիկ, որը հեշտությամբ գնվում է և որին վաղուց չի հուզում պատվազրկվելու վտանգը։ Այդուհանդերձ ցանկության դեպքում և պատշաճ աշխատանք տանելու արդյունքում այդ ուղևորությունը միանգամայն հնարավոր էր կասեցնել, այդ գործում ընդգրկելով և՛ միջազգային գործընկերներին, և՛ Սփյուռքին, և՛ հայ հասարակայնությանը։ Բայց դա հենց այն դեպքն է, երբ չկար ո՛չ ցանկություն, ո՛չ կարողություն։
Պրոֆեսիոնալ առումով բացարձակ անօգնականության և քաղաքական առումով հանցավորության վառ օրինակ է արդեն ծամծմված, բայց դեռևս բավական մշուշոտ հարցը՝ Արցախի բռնազավթված տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի մասին։ Եվ Միրզոյանն անձամբ խոստովանեց դա բառացիորեն օրերս՝ մարտի 21-ին։
Ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովի նիստում, նախ պատմեց այն մասին, որ «Հայաստանը շարունակում է բանակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն 2020 թվականին ռազմական գործողությունների արդյունքում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ ուղարկելու հարցի շուրջ»։ Այնուհետ «նախարարը» հիշեցրեց իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությունը հայկական մշակութային ժառանգության հուշարձաններն ալբանական դարձնելու Բաքվի մտադրության մասին: Եվ հայտարարեց. «Ադրբեջանի մշակույթի նախարարի արտահայտած առաջարկները «ալբանական մշակութային հուշարձանների վերականգնման» հանձնաժողով ստեղծելու մասին վկայում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն անհապաղ տարածաշրջան ուղարկելու անհրաժեշտության մասին»:
Ա՜յ քեզ բան։ Այսինքն մինչ այդ փորձագիտական խմբի այցը, Օմեգայի կարծիքով, անհրաժեշտություն չէ՞ր։ Հիշեցնեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այց կազմակերպելու անհրաժեշտության մասին խոսվել է դեռևս պատերազմի օրերին՝ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու բարբարոսական ռմբակոծության առնչությամբ։ Իսկ մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն: 2020 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա պաշտոնապես առաջարկել է տեխնիկական աջակցություն, տեղեկացնելով, որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհամագործակցի շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ նման առաքելության համար պայմաններ ստեղծելու նպատակով», և որ «բարձր մակարդակի խորհրդակցություններ են սկսվել Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ»:
ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԻՑ Ի ՎԵՐ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ ԵՎ ԳՐԵԹԵ ՀԻՆԳ ԱՄԻՍ։ Ողջ այդ ընթացքում մարող ինտենսիվությամբ, բայց բազմաթիվ հայտարարություններ են հնչել նման այցի անհրաժեշտության մասին, այդ թվում՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ու կազմակերպությունների կողմից։ 2021 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը (ICJ) որոշեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի գործողությունները պատժելու և կանխելու համար»: Այսինքն Հայաստանին միջազգային աջակցության ցուցաբերումը գոնե այդ հարցում ապահովված էր։
Սակայն այցն առայժմ այդպես էլ չի կայացել, նույնիսկ այս տարվա փետրվարին հարցի ակտիվացումից՝ Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունից հետո, ինչը բացասական ու զայրալից բազմաթիվ արձագանքներ հարուցեց միջազգային ասպարեզում։ Եվ չի կայացել նախևառաջ հենց Հայաստանի ԱԳՆ-ի և իշխանությունների մեղքով, որոնց չի բավականացրել 17 ամիսը՝ առաքելության կազմակերպմանը հասնելու համար։ Կրկնեմ. միջազգային ակնհայտ աջակցության պայմաններում, որին Ալիևը դժվար թե կարողանար հակազդել, եթե չլիներ Փաշինյանի և ընկերախմբի համակողմանի օգնությունը։
Ինչ-որ մեկը դեռ կասկածներ ունի՞, որ Միրզոյանն ու իր գերատեսչությունը շարունակելու են ջանքեր գործադրել, որպեսզի այդ այցը չկայանա։ Եվ որ պատճառը ոչ միայն պրոֆեսիոնալ ապիկարությունն է, այլ առաջին հերթին հակահայկական ռեժիմի թուրքամետ քաղաքականությունը։