Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են

Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:

«Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։

Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ադրբեջանցիները տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Նրանց դիրքերը Փառուխից հեռու են 1 կիլոմետր:

Իսկ արդեն այսօր առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները այս գիշեր կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա և կիրառել ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ըստ ՊԲ–ի՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: