Ադրբեջանի ԶՈւ-ն հայտնվել է ռուս խաղաղապահների թիկունքում

Ղարաբաղում տեղի ունեցողը Ղարաբաղի հայերին հայրենի հողում ապրելու իրավունքից զրկելու, ինչպես նաև տարածաշրջանի հայ բնակչության դեմ ուղղված էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ տարածքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Ուստի գլխավոր հարցը ռուսական կողմի դիրքորոշումն է։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այդ հարձակումը։ Չէ որ, ըստ էության, այդ հարձակման արդյունքում ադրբեջանական զինուժը հայտնվել է ռուս խաղաղապահների թիկունքում։ Կրկնում եմ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի համաձայն՝ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ուստի մենք ակնկալում ենք հստակ պատասխաններ ստանալ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչի արդյունքում դա տեղի ունեցավ: Հույս ունենք, որ այս խնդիրը հնարավորինս շուտ կվերացվի, և Ադրբեջանը կվերադառնա իր սկզբնական դիրքերին»,- պարզաբանեց Աղաջանյանը։

Նա նաև հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը մի շարք դիրքեր են գրավել։ Խոսքը, ըստ պատգամավորի ունեցած տեղեկությունների, Քարագլուխի մասին է, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ հենց Աղաջանյանն էր վերջերս «Ազատությանը» տված հարցազրույցում բավական երկիմաստ մտքեր արտահայտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ: