ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայաստանում սոցիալական վիճակը վատանում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում ուղերձով դիմել է քաղաքացիներին, հայտնում է ԱՌԿԱ-ն:

«Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, թե Հայաստանն այդ առումով նույնիսկ ավելի լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ։ «Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ»,- ասել է Փաշինյանը։

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին»,- ասել է նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. «որքանով հնարավոր է» և «որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն»՝ հենց նույն օրը կառավարությունը «մեղմեց սոցիալական խնդիրները»։ Պաշտոնատար անձանց ֆինանսական վիճակը «փոքր-ինչ» բարելավելու և կադրերի արտահոսքը որոշ չափով կանխելու համար որոշում կայացվեց կառավարության ֆոնդից 4.1 մլրդ դրամ հատկացնել ոստիկանությանը, ԱԱԾ-ին և Քննչական կոմիտեին։ Իհարկե, բյուջեն ռետինից չէ, և երկրի մնացած քաղաքացիների «ֆինանսական վիճակը բարելավել» կառավարությունը մտադիր չէ։ Նրանց պարզապես առաջարկվում է մխիթարվել այն մտքով, որ ողջ աշխարհն է բախվել գների աննախադեպ աճի։ Եվ սոցիալական խնդիրների նկատմամբ հայոց կառավարության տարբերակված մոտեցման համար իշխանությունը հիմնավորում ունի. մեկ բան է՝ բարձրացնել 500 մարդու աշխատավարձը, այլ բան՝ բարձրացնել 550 հազար քաղաքացիների կենսաթոշակը։ Իբր՝ առաջինի դեպքում բյուջեն «կձգի» նման ծախսեր, իսկ երկրորդի պարագայում՝ ոչ։ Ասենք, ուղղակի. զարմանալի ոչինչ և ոչ մի նոր բան դրանում չկա։ Ժամանակին Փաշինյանը մոտավորապես նույն կերպ էր հիմնավորում պաշտոնյաներին պարգևավճարներ տալու որոշումները։ Իբր՝ եթե բոնուսների համար հատկացվող գումարներն ուղղվեն թոշակառուների հսկայական բանակի կենսաթոշակներին, ապա բարձրացումը չնչին կլինի։ Մի անգամ նույնիսկ հաշվեցին, որ պարգևավճարների գումարով թոշակները կարելի է բարձրացնել ընդամենը 165 դրամով։ Իսկ այսպես նույն գումարով կարելի է զգալիորեն բարելավել փոքր խմբի նյութական վիճակը։ Ըստ էության, այդ տրամաբանությամբ է թավշե-պողպատե իշխանությունն արդեն չորս տարի շարունակ «լուծում» երկրում առկա սոցիալական խնդիրները և բաշխում բյուջետային միջոցները՝ խորացնելով անդունդը բնակչության շերտերի միջև։

Կա, թեպետ, տվյալ որոշման մեջ նաև մեկ այլ՝ իշխանության համար առանձնակի արդիական իմաստ. սոցիալական ընդհանուր իրավիճակի վատթարացման խորապատկերին՝ հատկապես ուժայինների ֆինանսական վիճակի բարելավմամբ կառավարությունը խրախուսում է պայքարը կանխատեսվող հասարակական հուզումների դեմ։ Ուժայիններին, որոնց վիճակվել և դեռ վիճակվելու է զբաղվել սոցիալական խնդիրների հետ կապված բողոքի ցանկացած դրսևորումների ճնշմամբ, պետք է նյութապես սնուցել։ Պարզ բանաձև, որի արդիականությունն այսօր առավել քան ակնհայտ է իշխանության համար։ Ընդ որում այդ որոշման մեջ կա նաև իշխանության կոնկրետ ազդանշան հասարակությանը։ Ասել է թե՝ տեսե՛ք, ուժայինները խրախուսված են և մեծ եռանդով ցրելու են բողոքի հնարավոր ակցիաները։ Այնպես որ՝ չփորձե՛ք…

Իսկ ինչ վերաբերում է գների մասին Փաշինյանի մտորումներին, ապա այստեղ ակներև է հերթական մանիպուլյացիան։ Ահավասիկ կառավարության ղեկավարը պնդում է, թե ձեռնարկված քայլերի արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գները չեն բարձրանում, իսկ որոշ դեպքերում դիտարկվում է էժանացում։ Նախ, բացարձակ հանելուկ է մնում, թե այդ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։ Նման բան չի արվել, կարգավորող որևէ մեխանիզմ կառավարությունը չի նախաձեռնել ու չի մշակել, գնաճը զսպող որևէ միջոցառում չի իրականացվել։ Գները եղել և մնում են ինքնահոսի։ Երկրորդ. չթանկացած և նույնիսկ էժանացած այդ ի՞նչ «մի շարք կարևոր ապրանքների» մասին է խոսում Փաշինյանը։ Գուցե պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային ըմպելիքների՞: Բայց չէ՞ որ դրանք մեկ տարվա ընթացքում թանկացել են 11,4%-ով։ Գուցե հագուստի և կոշիկի՞: Ախր դրանք էլ թանկացել են 9,3%-ով։ Սպառողական գներն ընդհանուր առմամբ աճել են 6,5%-ով։ Ուրեմն ին՞չն է առհասարակ «կարևոր» ապրանք համարում կառավարությունը, եթե պարենը կամ հագուստն այդպիսին չեն։

Ասենք, հիմարություն կլիներ այլ վարքագիծ ակնկալել այս իշխանությունից։ Ամեն ինչ լիովին տեղավորվում է նրա տրամաբանության և կառավարման պետական համակարգի մնացորդների ոչնչացմանն ուղղված գերակայությունների շրջանակներում։