Սոնա ՄԵԼՈՅԱՆ․ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՄԵԾ, ԾԱԽՍԱՏԱՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ
Մարտի 27-ին աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Այն նշվում է 1961 թվականից։ Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դարձել է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Հայկական թատրոնը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Առաջին արհեստավարժ թատերական կազմակերպությունը Հայաստանում 1846 թ. ստեղծված «Արամյան թատրոնն» էր, որից հետո որպես նոր տիպի դրամատիկական թատրոն Կ.Պոլսում 1861 թ. կազմակերպվում է «Արևելյան թատրոնը», իսկ 1863 թ. Թիֆլիսում՝ «Հայոց թատրոնը»: Երկուհազարամյա հայ թատրոնի պատմության մեջ խորհրդային տարիները առանձնացել են բեղմնավոր գործունեությամբ։
Այսօրվա ու ապագայի հայկական թատրոնի մասին Panorama.am-ը զրուցել է թատերագետ, Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանի հետ։
- Տիկին Մելոյան, նախ սկսենք այն հարցից, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսն ու դրա հետևանքով մտցված սահմանափակումները թատրոնների գործունեության վրա։
- Եթե նախորդ խաղաշրջանների ընթացքում մենք ունենում էինք 50-ից ավելի ներկայացում, որոնք առաջադրվում էին «Արտավազդ» մրցանակի, այս տարի 36-ն են։ Պայմանավորում եմ սահմանափակումներով, քանի որ սահմանափակումներն ազդում են թատրոնների ֆինանսական վիճակի վրա, փորձերն են բարդացնում։ Թեև որակը չի տուժել, բայց ներկայացումները պակասել են։
- Ինչպե՞ս կգնահատեք հայկական այսօրվա թատրոնը։
- Ես շատ բարձր եմ գնահատում։ Հատկապես այս տարի հնարավորություն եմ ունեցել մեր երկու թատրոնների հետ դուրս գալ երկրից ու ներկա լինել միջազգային փառատոների, տեսել եմ՝ ինչպես են ընդունվել մեր թատրոններն այն դեպքում, երբ կողքերին եղել են շատ ծանրակշիռ միջազգային համբավ ունեցող թատերախմբեր։
Իմ խորին համոզմամբ, մեր երիտասարդ՝ 30-40 տարեկան ռեժիսորներն ուղղակի շատ նոր որակ, ճանաչում բերեցին հայ թատրոնին։ Չնայած կորոնավիրուսին, անցած տարի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մասնակցել է Չեխովյան փառատոնին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Ռումինիայում և Լեհաստանում է հանդես եկել, ռուսական, տիկինկային թատրոնները մասնակցել են փառատոների։ Այս առումով մեր վիճակը շատ լավ է։
Երբ նայում ենք արվեստի մյուս ճյուղերը, թատրոնի վիճակն այսօր, իմ խորին համոզմամբ, շատ լավ է։
Առաջ տարածաշրջանից միշտ առանձնացնում էին վրացական թատրոնը։ Այսօր արդեն նշում են նաև հայկական։ Մի օրինակ բերեմ. երբ Համազգային թատրոնը Վլադիվոստոկում առաջին խաղաղօվկիանոսյան փառատոնին էր մասնակցում, ես նույնպես այնտեղ էի։ Դահլիճում ճապոնական մի մեծ նախագիծ էր ներկայացվում։ Իմ հետևում նստած էին երիտասարդ աղջիկներ, տեղացիներ, խոսում էին, որ «վաղը հայկական թատերախումբ է խաղալու, անպայման պետք է գնալ ու նայել, համոզված եմ, որ շատ լավն է լինելու, եղել եմ Երևանում, «Հայֆեստի» շրջանակում նայել եմ հայկական ներկայացում, հայերը փայլուն թատրոն ունեն»։ Հաճելի էր հազար տեղանոց դահլիճում նման խոսակցություն լսել։
- Աշխարհում այսօր միտումն ինչպիսի՞ն է՝ ազգայինի վրա՞ է շեշտը դրվում, թե՞ համաշխարհային հեղինակների գործեր են նախընտրում բեմադրել։
- Վերջին շրջանի թատրոնն անվանում են պոստ-դրամատուրգիական թատրոն, երբ որ շատերը վերցնում են ոչ թե պիեսներ, այլ արձակ, միֆեր։ Թատրոնը միշտ է եղել սինթետիկ արվեստ և հիմա դա շատ-շատ է։ Աշխարհում տրենդն այն է, որ ներկայացման մեջ կա դրամատիկական թատրոնի էլեմենտեր, պար, համակարգչային գրաֆիկա, պլաստիկա, երգ, կրկեսային տարրեր և այդ սինթեզի մեջ շատ հետաքրքիր ֆորմաներ են ծնվում։ Նույնը նաև մեր երիտասարդ ռեժիսորների աշխատանքներում է։
- Հայ հանդիսատեսն ի՞նչ է ուզում տեսնել հայկական բեմում։
- Հայ հանդիսատեսն այսօր ուզում է, որ իր հետ շատ մարդկային բաների մասին խոսեն։ Ի վերջո, մենք չենք կարող թերագնահատել մշակույթի դերը մեր ռեաբիլիտացիայի մեջ։ Այդ միտումն էլ է շատ ակնհայտ. զարմանալիորեն պատերազմից հետո մարդիկ սկսեցին շատ հաճախ թատրոն, կարծում եմ նաև համերգներ, կինո այցելել, քանի որ մարդը միշտ իլուզիայի, հեքիաթի, հավատի կարիք ունի։ Թատրոններն էլ դա շատ լավ զգում են ու աշխատում են նման ներկայացումներ անել, որտեղ կա հույս, հավատ, սեր։
Եթե նկատել եք, վերջին շրջանում հայաստանյան թատրոնները մեծ, ծախսատար մանկական ներկայացումներ են անում, օրինակ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բեմադրել է «Մաուգլին»,Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը՝ «Կոշկավոր կատուն» և այլն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր այսօրվա խնդիրները չպետք է երեխաների վրա անդրադառնան, նաև մանկուց հանդիսատես դաստիարակելու, երեխային հեքիաթ պարգևելու խնդիրներ կան։ Այդ խնդիրները պետք է լուծվեն և հայ թատրոնը դա, միանշանակ, անում է
- Լավ ներկայացում անելը ծախսատար է։ Ինչպե՞ս են թատրոնները հոգում իրենց ծախսերը։
- Պետական աջակցությունը հիմա մինիմումի է հասցված։ Բայց, այնուամենայնիվ, թատրոնները հայթայթում են այդ գումարները և անում են լավ ներկայացումներ։
- Ասացիք պետական ֆինանսավորումը հասցված է մինիմումի։ Բայց արդյո՞ք այդպես պետք է լինի վերաբերմունքը թատրոնի, առհասարակ մշակույթի նկատմամբ։
- Ոչ։ Ես, կարծում եմ, որ հատկապես հետպատերազմյան շրջանում մենք պետք է ունենայինք հատուկ մշակութային քաղաքականություն, որպեսզի մշակույթի միջոցով լուծվեին հոգեբանական շատ խնդիրներ։ Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք։ Մշակույթի գործիչներն ինքնուրույն են լուծում այդ խնդիրը և այդ մշակութային քաղաքականությունն իրենք են ձևավորում ու կրկնում եմ, շատ հաջող։
Ինձ համար դա բոլորովին հասկանալի չէ։ Իհարկե, պետք է պետական լուրջ աջակցություն, թեև հասկանում եմ, որ մեր պետության հնարավորությունները շատ սահմանափակ են, բայց, այնուամենայնիվ, դրանով պետք էր զբաղվել։ Միանշանակ, այս ոլորտը բացիթողի է։
- Տիկին Մելոյան, ապագայի հայ թատրոնն ինչպե՞ս եք պատկերացնում։
- Շատ լավ։ Ակնհայտ է, քանի որ այն սերունդը, որի մասին ես խոսում եմ, այն սերունդն է, որը հնարավորություն է ունեցել մասնակցելու բազմաթիվ մասեր կլասների, ամբողջ աշխարհով մեկ ամառային դպրոցների, փառատոների։ Իրենց պատկերացումները ժամանակակից թատրոնի մասին տեղայանցված չեն, իրենց ներկայացումները յուրաքանչյուր բեմում դիտվում են որպես նույն մակարդակի վրա։ Մենք գավառական տպավորություն չենք թողնում։ Աստված տա, այս ամեն ինչը շարունակվի։
– Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։